ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՇՏԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՍՏԱՑԵԼ Է 455 ԲՈՂՈՔ
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է 455 բողոք, որից 417-ը եղել են ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքներ: Հաշտատարի հրապարակած տվյալների համաձայն՝ քաղաքացիների` ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող զանգերն ու այցելությունները Հաշտարարի գրասենյակ բազմաթիվ են եղել:
Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 417 բողոքներից 61-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից. հաճախորդների մի մասն իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ, և ըստ էության, չեն պարունակում գույքային պահանջ:
Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին: Նման դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից` բողոք-պահանջների հիման վրա` առանց Գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու: Եղել են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո Հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է Հաճախորդի` որպես սպառողի, շահերի ոտնահարման փաստը:
Արդյունքում, հաշվետու եռամսյակում Հաշտարարի քննությանը ենթակա 356 բողոքներից 192-ն ընդունվել են քննության:
Այս 192 բողոքներից 62-ն ուղղված է եղել բանկերի դեմ, 126-ը՝ ապահովագրական ընկերությունների դեմ, 2-ական՝ վարկային կազմակերպությունների և գրավատների դեմ:
Բանկերի դեմ ուղղված բողոքների մեծ մասը կապված է եղել վարկային գործարքների հետ, իսկ ապահովագրական ընկերոթյունների դեմ ուղղված բողոքների մեջ գերակշռել են ԱՊՊԱ-ի հետ կապված բողոքները: