
ԱՄՆ-ն կառաջարկի G7-ին ստեղծել իրավական մեխանիզմ՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների առգրավման համար
ԱՄՆ-ն նախատեսում է առաջարկել G7 գործընկերներին ստեղծել իրավական մեխանիզմ, որը, ենթադրվում է, թույլ կտա առգրավել և օգտագործել Ռուսաստանի սառեցված ակտիվները՝ Ուկրաինային աջակցելու նպատակով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«ԱՄՆ-ն G7-ին կասի, որ անհրաժեշտ է ստեղծել օրինական ուղի՝ առգրավելու Ռուսաստանի սառեցված սուվերեն ակտիվները և դիտարկել այդ ակտիվները Ուկրաինայի պաշտպանությանը ֆինանսավորելու հնարավորությունը», – գրում է գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ առաջարկին։
Միևնույն ժամանակ, գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները եվրոպացի գործընկերների հետ քննարկել են ռուսական ակտիվների աստիճանական առգրավման գաղափարը՝ Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով։
Բացի այդ, լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ն կոչ է անելու «Մեծ յոթնյակի» երկրներին մինչև 100% մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանից և Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ՝ ռուսական նավթ գնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ հաղորդումների, եվրոպացի պաշտոնյաներին ասել է, որ պատրաստ է կիրառել նմանատիպ մաքսատուրքեր, բայց միայն այն դեպքում, եթե Եվրոպան ևս այդպես վարվի։
Բացի դրանից, ըստ հրապարակված տվյալների, Վաշինգտոնը կոչ կանի դաշնակիցներին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» և «Ռոսնեֆթ» ընկերության դեմ, ինչպես նաև արգելել ծովային փոխադրումների ապահովագրությունը։ Ամերիկացիները նաև կպահանջեն միջոցներ ձեռնարկել այն ընկերությունների դեմ, որոնք աջակցում են ռուսական պաշտպանական ոլորտին և տարածաշրջանային բանկերին, ինչպես նաև արգելել արհեստական բանականության և ֆինանսական տեխնոլոգիաների հետ կապված ծառայությունները։