Շնորհավոր Հայկական դրամի և բանկային աշխատակցի օրը. ՀՀ ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկը Շնորհավորել է Հայկական դրամի և բանկային աշխատակցի օրը.
Այսօր մենք նշում ենք Հայկական դրամի՝ մեր պետության տնտեսական ինքնության առանցքային խորհրդանիշներից մեկի և բանկային աշխատակցի օրը, այն մասնագետների, որոնց շնորհիվ մեր ֆինանսական համակարգը շարունակում է մնալ ամուր, կայուն և ուղղված զարգացմանը։
Հայկական դրամը պարզապես վճարամիջոց չէ։ Այն մեր պետականության, տնտեսական ինքնիշխանության և ազգային ինքնության հիմնասյուներից մեկն է։ Տարիների ընթացքում դրամը բախվել է տարբեր փորձությունների՝ թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային, թե՛ ներքին։ Այդ ամենի արդյունքում դրամը ապացուցել է իր կայունությունն ու կենսունակությունը, ինչը հետևողական տնտեսական քաղաքականության, կայուն ինստիտուտների և նվիրված աշխատանքի արդյունք է:
Չափազանց մեծ է բանկային հատվածի և նրա ներկայացուցիչների դերակատարությունը երկրի տնտեսական կյանքում։ Իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բանկային համակարգի աշխատողները ապահովում են տնտեսության անխափան գործունեությունը՝ խթանելով բիզնեսների աճը, ֆինանսավորելով նորարարությունը և պաշտպանելով քաղաքացիների խնայողությունները։
Շնորհավորում ենք բանկային ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մասնագիտական տոնի, իսկ ՀՀ քաղաքացիներին դրամի տոնի կապակցությամբ:
