Ոսկին թանկացել է՝ անցնելով 4 380 դոլարի շեմը ունցիայի դիմաց. սա գնային նոր ռեկորդ է
Սփոթ շուկայում ոսկու գինը թարմացրել է պատմական առավելագույնը՝ բարձրանալով ունցիայի դիմաց 4 380 դոլարից վեր՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից դրամավարկային քաղաքականության հետագա մեղմացման սպասումների, ինչպես նաև ԱՄՆ-Վենեսուելա հարաբերություններում լարվածության նոր փուլի ֆոնին։
Երկուշաբթի առևտրի ընթացքում սփոթ շուկայում ոսկին աճել է 1.1%-ով՝ հասնելով ունցիայի դիմաց 4 386 դոլարի։
Այլ թանկարժեք մետաղներն էլ են թանկացել․ արծաթի գինը բարձրացել է 2.6%-ով՝ մինչև ունցիայի դիմաց 68.87 դոլար, պլատինը՝ 3.9%-ով, իսկ պալադիումը՝ 4.5%-ով։
Շուկայի մասնակիցներն այժմ ակնկալում են, որ Դաշնային պահուստային համակարգը 2026 թվականի ընթացքում երկու անգամ կնվազեցնի հիմնական տոկոսադրույքը՝ ԱՄՆ աշխատաշուկայի թուլության մասին վկայող վիճակագրական տվյալների ֆոնին։ Ցածր տոկոսադրույքները, որպես կանոն, նպաստավոր գործոն են ոսկու գների համար, քանի որ դրանք բարձրացնում են տոկոսային եկամուտ չբերող թանկարժեք մետաղներում ներդրումների համեմատական գրավչությունը։
Պաշտպանական ակտիվ համարվող ոսկու նկատմամբ պահանջարկը աճում է նաև Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ զինված ուժերի կողմից ծովային շրջափակման խստացման պատճառով։
«Կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումները, ֆիզիկական շուկայում ակտիվ պահանջարկը և աշխարհաքաղաքական ռիսկերը մնում են միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում աջակցող գործոններ, մինչդեռ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի քաղաքականությունն ու իրական տոկոսադրույքները շարունակում են ազդել ցիկլային տատանումների վրա», – նշել է Pepperstone Group-ի ստրատեգ Դիլին Վուն։
