Վրաստանի ոսկու պաշարը գերազանցել է 1 մլրդ դոլարը
Վրաստանի ազգային բանկի ոսկու պաշարի արժեքը 2025 թվականի դեկտեմբերին գերազանցել է 1 միլիարդ դոլարը՝ կրկնապատկվելով 2024 թվականի մարտի համեմատ, երբ ոսկին ներառվել էր միջազգային պահուստների կազմում։ Այդ մասին վկայում են կարգավորիչի հրապարակած տվյալները։
2024 թվականի մարտին Ազգային բանկը ձեռք էր բերել 229 478 ունցիա (7.137 տոննա) մոնետար ոսկի՝ մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ։ Ներկա գնանշումներով մեկ ունցիան վաճառվում է շուրջ 4 450 դոլարով, ինչի արդյունքում ոսկու արժեքն աճել է մինչև 1 միլիարդ դոլար։
Միայն 2025 թվականի դեկտեմբերին պահուստների կազմում ոսկու արժեքն աճել է 40.6 միլիոն դոլարով, իսկ ամբողջ 2025 թվականի ընթացքում՝ 404 միլիոն դոլարով։
Ոսկու թանկացումը դարձել է Վրաստանի միջազգային պահուստների աճի հիմնական գործոններից մեկը․ դեկտեմբերին դրանք հասել են պատմական առավելագույնի՝ 6,16 միլիարդ դոլարի (ամսական աճը՝ 342,6 միլիոն դոլար)։ Ընդհանուր առմամբ՝ մեկ տարվա ընթացքում պահուստներն աճել են 38%-ով՝ մոտ 1,7 միլիարդ դոլարով։
2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կարգավորիչը արտարժույթի շուկայում ձեռք է բերել ավելի քան 2.71 միլիարդ դոլար՝ օգտվելով բարենպաստ պայմաններից և կայուն մակրոտնտեսական ցուցանիշներից։
