Իրանի շուրջ պատերազմը «ոսկե պատուհան» է բացել յուանի համար
Իրանի շուրջ ռազմական հակամարտությունն արագացրել է չինական յուանի օգտագործման աճը միջազգային նավթային առևտրում և բարձրացրել է չինական CIPS միջսահմանային հաշվարկային համակարգի պահանջարկը, գրում է FT-ն՝ հղում անելով վերլուծաբաններին։
Պարբերականի տվյալներով՝ մարտին չինական միջբանկային միջսահմանային վճարային համակարգի՝ Cross-Border Interbank Payment System (CIPS) միջոցով օրական գործարքների միջին ծավալը հասել է ռեկորդային 920.5 մլրդ յուանի (135.7 մլրդ դոլար)։ Ապրիլի սկզբին ցուցանիշը կարճ ժամանակով աճել է մինչև օրական 1.22 տրլն յուան։
FT-ը նշում է, որ համակարգի օգտագործման աճը ուժեղացրել է համաշխարհային նավթային առևտրում յուանի բաժնի մեծացման շուրջ քննարկումները։ Թեև չինական արժույթով նավթային հաշվարկների պաշտոնական վիճակագրություն չկա, վերլուծաբանները կարծում են, որ նման գործարքների ծավալը աճում է։
Ռուսական և իրանական նավթի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասնակի մեղմացումից հետո գնորդները, այդ թվում՝ Հնդկաստանը, ստիպված են եղել հաշվարկներում օգտագործել յուանը, քանի որ Ռուսաստանն ու Իրանը փաստացի չեն կարող լիարժեք օգտագործել դոլարային վճարումները։
Ինչպես գրում է Financial Times-ը, էներգետիկ առևտրում չինական արժույթի օգտագործման աճը ուժեղացրել է «նավթայուանի» համակարգի ձևավորման շուրջ քննարկումները՝ «նավթադոլարի» նմանությամբ։ Սակայն վերլուծաբանները նշում են, որ չինական արժույթի գլոբալ տարածման համար դեռ պահպանվում են սահմանափակումներ։ Նրանց խոսքով՝ դոլարի հետ լիարժեք մրցակցության համար Չինաստանին անհրաժեշտ է ֆինանսական համակարգի հետագա բացում և յուանով ածանցյալ գործիքների շուկայի զարգացում։
Յուանի միջազգային օգտագործման ընդլայնման հնարավոր մեխանիզմներից մեկը, փորձագետների կարծիքով, կարող է դառնալ ոսկին։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ օտարերկրյա արտահանողները կարող են ավելցուկային յուանները փոխարկել ոսկու՝ Shanghai Gold Exchange-ի միջոցով՝ առանց դոլարի օգտագործման։
