Չինաստանը խստացնում է 3,4 տրլն դոլար արժողությամբ մասնավոր ֆոնդերի ոլորտի վերահսկողությունը
Չինաստանը ուրբաթ հայտարարել է մասնավոր ֆոնդերի ոլորտի կարգավորումը խստացնելու մասին՝ թիրախավորելով 23 տրլն յուան (3,40 տրլն դոլար) ծավալով շուկան։ Միջոցառումների նպատակն է նվազեցնել ֆինանսական ռիսկերը և կապիտալն ուղղել տեխնոլոգիական նորարարություններին ու զարգացող ոլորտներին։
Չինաստանի արժեթղթերի շուկայի կարգավորման հանձնաժողովը հայտնել է, որ կխստացնի մասնավոր ֆոնդերի գրանցման պահանջները և կուժեղացնի ոլորտում ապօրինի գործունեության դեմ պայքարը։ Կարգավորող մարմինը նաև նախատեսում է խթանել երկարաժամկետ կապիտալի ներգրավումը՝ տեխնոլոգիական ոլորտում վենչուրային ներդրումներին աջակցելու համար։
«Մասնավոր ֆոնդերի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը կօգնի շուկայից հեռացնել անբարեխիղճ մասնակիցներին, ոլորտի համար ստեղծել առողջ միջավայր և պաշտպանել ներդրողներին»,— ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։
Հայտարարությունը հաջորդել է երկու շաբաթ առաջ սահմանված անդրսահմանային ներդրումների լայնածավալ սահմանափակումներին և արտարժութային վերահսկողության խստացմանը։ Ընդունված միջոցները համապատասխանում են Պեկինի ընդհանուր ռազմավարությանը՝ ռեսուրսները տեխնոլոգիական ոլորտ ուղղելու վերաբերյալ, որը առանցքային դեր ունի Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության մեջ։
Վերահսկողության նոր համակարգը հիմնված է 2023 թվականին մեկնարկած՝ ոլորտի կարգավորման և անբարեխիղճ մասնակիցներից մաքրման աշխատանքների վրա, որոնց արդյունքում չեղարկվել է մասնավոր ֆոնդերի կառավարիչների ավելի քան 5 000 լիցենզիա։ Չինաստանի մասնավոր ֆոնդերը կարող են ներդրումներ կատարել արժեթղթերում կամ իրականացնել ուղղակի ներդրումներ։
«Ոլորտը մեծ է, սակայն ուժեղ չէ։ Ֆինանսավորման կառուցվածքն անհավասարակշիռ է։ Իսկ որոշ ֆոնդեր ընդհանրապես վերածվել են հանցագործների գործիքների»,— հայտարարել է հանձնաժողովը։
Նոր կանոնների համաձայն՝ կարգավորող մարմինները կստեղծեն միջգերատեսչական մոնիթորինգային հարթակ՝ ռիսկերն ու խախտումները բացահայտելու համար։ Վերահսկող մարմինը նաև կուժեղացնի պետական մասնակցությամբ ֆոնդերի նկատմամբ վերահսկողությունը։
Հանձնաժողովը հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի ապօրինի գործունեության դեմ, այդ թվում՝ չարտոնված անդրսահմանային կապիտալի հոսքերի, միջոցների ապօրինի ներգրավման և գումարների ոչ նպատակային օգտագործման դեպքերի նկատմամբ։
