Վերլուծաբանները հաշվարկել են ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմի իրական արժեքը
ԱՄՆ-ի ռազմական արշավը Իրանի դեմ ամերիկացի հարկատուների համար արժեցել է առնվազն 132 միլիարդ դոլար։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Moody’s Analytics-ի տվյալներին։ Ինչպես պարզաբանել է Moody’s Analytics-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին, նշված գումարը ներառում է ռազմական ծախսերը, էներգակիրների և հումքային ապրանքների գների աճը, ինչպես նաև տոկոսադրույքների ազդեցությունը։
Այս շաբաթ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը պահպանել է տոկոսադրույքը տարեկան 3.5-3.75% մակարդակում։ Ամերիկյան կենտրոնական բանկը նաև վատթարացրել է ընթացիկ տարվա տնտեսական աճի սպասումները․ այժմ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2.2%, մինչդեռ մարտին սպասվում էր 2.4%։ Այս տարվա միջին գնաճային կանխատեսումն էլ բարձրացվել է 2.7%-ից մինչև 3.6%։
Մայիսին Պենտագոնի ֆինանսական վերահսկիչ Ջեյ Հերսթը հայտնել էր, որ Իրանի դեմ պատերազմի արժեքը հասել է գրեթե 29 միլիարդ դոլարի։ Իսկ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը երկու շաբաթ առաջ ռազմական արշավի ծախսերը գնահատել էր 25 միլիարդ դոլար։ Հերսթը ծախսերի աճը կապել էր սարքավորումների վերանորոգման և փոխարինման, ինչպես նաև ընդհանուր շահագործման ծախսերի հետ։
Ինչպես նշում է NYT-ը, Պենտագոնի գնահատականը չի ներառում տարածաշրջանում իրանական հարձակումներից տուժած ամերիկյան ռազմաբազաների վերանորոգման ծախսերը, ինչպես նաև ծովում գտնվող ավիակիր հարվածային խմբերի սպասարկման ծախսերը։
Բրաունի համալսարանի հաշվարկներով՝ հակամարտության սկզբից ի վեր ամերիկացիները բենզինի և դիզելային վառելիքի գների աճի պատճառով վճարել են մոտ 60 միլիարդ դոլարով ավելի (մոտ 460 դոլար՝ մեկ տնային տնտեսության հաշվով)։ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ Թեհրանի հետ պատերազմի սկզբում ԱՄՆ քաղաքացիները բենզինի մեկ գալոնի համար միջինում վճարում էին 2.98 դոլար, իսկ այժմ՝ մոտ 4 դոլար։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պնդել էր, որ Վաշինգտոնը Թեհրանի դեմ պատերազմի վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար։ Այս շաբաթ The Wall Street Journal-ը գրել էր, որ Պենտագոնը Կոնգրեսից խնդրել է 80 միլիարդ դոլար՝ Իրանի դեմ պատերազմի և այլ ծախսերի հետ կապված պարտավորությունները ծածկելու համար։
Այս մասին օրենսդիրների հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտնել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Սթիվեն Ֆայնբերգը։ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը զգուշացրել է, որ եթե Կոնգրեսը չընդունի ռազմական ծախսերի մասին նոր օրինագիծ, ապա միջոցների պակաս կարող է զգացվել արդեն այս ամռանը։ Պենտագոնի ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեն կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։
