Արքայազն Ուիլյամը կարող է հայտնվել Forbes-ի միլիարդատերերի ցուցակում
Ուելսի արքայազն Ուիլյամը դարձել է միլիարդատեր, և նրա կարողությունն այժմ գերազանցում է հոր՝ թագավոր Չարլզ III-ի կարողությունը, գրում է The Mirror-ը։
Պարբերականը հղում է անում վերջերս հրապարակված Կորնուոլի դքսության ֆինանսական հաշվետվությանը։ Դքսությունն անցել է Ուիլյամին այն բանից հետո, երբ նա 2022 թվականին դարձել է բրիտանական գահի ժառանգորդը։ Բրիտանական միապետության ավանդույթի համաձայն՝ Կորնուոլի դքսությունը փոխանցվում է գործող միապետի ավագ որդուն։ Այդ պատճառով, երբ Չարլզ III-ը բարձրացավ գահ, այն փոխանցեց Ուիլյամին։
Դրանից հետո արքայազնի կարողությունը հասել է 1.2 միլիարդ ֆունտ ստեռլինգի։
Ուիլյամը նաև առաջին անգամ հրապարակել է տեղեկություններ 2024-2025 թվականների իր հարկային վճարումների վերաբերյալ։ Սա թագավորական ընտանիքի գործունեության թափանցիկության բարձրացմանն ուղղված նախաձեռնության մի մասն է։
Կորնուոլի դքսությունը թագավորական ընտանիքի հիմնական ակտիվներից մեկն է։ 2026 թվականի համար դրա կանխատեսվող տարեկան եկամուտը կազմում է 21.6 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Դքսության կազմում ընդգրկված են ավելի քան 20 անգլիական շրջաններ, իսկ հիմնական եկամուտը ձևավորվում է գյուղատնտեսական հողերից, անշարժ գույքից և այլ ակտիվներից։
Ուիլյամը մտադիր է առաջիկա 10 տարվա ընթացքում վաճառել Կորնուոլի դքսության ակտիվների շուրջ 20%-ը, որպեսզի ներգրավված միջոցներն ուղղի Մեծ Բրիտանիայում մատչելի բնակարանաշինության և բնապահպանական նախագծերի ֆինանսավորմանը։
