Թվային ֆինանսների արագ զարգացումը կարող է Մեծ Բրիտանիայի տնտեսությանը բերել ավելի քան 44 մլրդ դոլար
Թվային ֆինանսների և ակտիվների թոքենացման արագացված զարգացումը կարող է առաջիկա տասնամյակում Մեծ Բրիտանիայի տնտեսությանը ապահովել լրացուցիչ 33 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 44 մլրդ դոլար) տնտեսական արդյունք, ինչպես նաև 14 մլրդ ֆունտ (մոտ 18.7 մլրդ դոլար) լրացուցիչ հարկային եկամուտ։ Այս մասին հայտնում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով բրիտանական Barclays բանկի և PwC (PricewaterhouseCoopers) աուդիտորական ընկերության գնահատականներին։
Միացյալ Թագավորության ֆինանսների նախարարության մեծածախ թվային շուկաների աշխատանքային խմբի ղեկավար Քրիս Վուլարդի խոսքով՝ երկիրը «հսկայական օգուտ» կստանա, եթե շարունակի զարգացնել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են բլոկչեյնի վրա պետական պարտատոմսերի թողարկումը և դրանց՝ որպես գրավի օգտագործման հնարավորության հաստատումը։
«Խոսքը նոր սերնդի ֆինանսական շուկաներում Միացյալ Թագավորության մրցունակ դիրքը պահպանելու իրավունքի մասին է», – FT-ին ասել է Վուլարդը։
Փորձագետների գնահատմամբ՝ թոքենացված ակտիվների համաշխարհային շուկան, որը ներառում է DLT տեխնոլոգիայի հիման վրա թողարկված թվային թոքեններով ներկայացված իրական ակտիվներ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր և անշարժ գույք, մինչև 2035 թվականը կարող է հասնել 88 տրիլիոն դոլարի, նշվում է հրապարակման մեջ։
Մեծածախ թվային շուկաների աշխատանքային խմբի զեկույցում ընդգծվում է, որ թոքենացված շուկաները Մեծ Բրիտանիայի համար ստեղծում են «էական հնարավորություններ»՝ գործարքների արդյունավետության բարձրացման, նորարարությունների խթանման, ներդրումների համար կապիտալի ազատման և համաշխարհային ֆինանսական շուկաներում երկրի միջազգային դիրքերի ամրապնդման տեսանկյունից։
