Եվրոպական բանկերը գերազանցել են սպասումները երկրորդ եռամսյակում
Եվրոպական խոշոր բանկերը երկրորդ եռամսյակում հրապարակել են սպասվածից ավելի ուժեղ ֆինանսական արդյունքներ՝ հաստատելով իրենց մրցունակությունը համաշխարհային շուկայում, հայտնում է Bloomberg-ը։
Շվեյցարական UBS բանկի զուտ շահույթը զգալիորեն գերազանցել է կանխատեսումները, իսկ բանկը հայտարարել է մինչև 2027 թվականի կեսերը 3 մլրդ դոլարի բաժնետոմսերի հետգնման ծրագրի մասին։ Գլխավոր տնօրեն Սերջիո Էրմոտտին նշել է, որ Credit Suisse-ի ինտեգրումը գրեթե ավարտված է։
Միաժամանակ Deutsche Bank-ը հայտնել է ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների առևտրից ռեկորդային 2.6 մլրդ եվրոյի եկամուտ և 1.9 մլրդ եվրոյի շահույթ։ Բանկը նաև հայտարարել է 500 մլն եվրոյի բաժնետոմսերի հետգնման ծրագրի մասին և վերահաստատել տարեկան եկամուտների կանխատեսումը։
Դրական արդյունքներ է ներկայացրել նաև Standard Chartered-ը, որը հայտարարել է 1 մլրդ դոլարի բաժնետոմսերի հետգնման ծրագրի մասին։ Բանկի ղեկավարությունը նշել է, որ ֆինանսական հաստատությունն ունի ամուր կապիտալային դիրք և վստահ է հետագա աճի հեռանկարների նկատմամբ։
Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը պատրաստում է նոր կանոններ, որոնք կօգնեն եվրոպական քաղաքներին խստացնել կարճաժամկետ վարձակալության հարթակների, այդ թվում՝ Airbnb-ի գործունեության վերահսկողությունը՝ բնակարանային շուկայում առկա ճնշումը մեղմելու նպատակով։
