ԵՄ երկրները փորձում են ռուսական սառեցված ակտիվների օգտագործման նոր մեխանիզմ
Շվեդիան, Նիդերլանդները, Իսպանիան և Լեհաստանը պատրաստվում են Եվրահանձնաժողովից պահանջել մշակել Ռուսաստանի սառեցված սուվերեն ակտիվների օգտագործման մեխանիզմ՝ Բելգիայի վետոն շրջանցելու համար։ Խոսքը ավելի քան 200 մլրդ եվրոյի մասին է, որը կարող է ուղղվել Ուկրաինայի ֆինանսավորմանը։
ԵՄ երկրները մտավախություն ունեն, որ արդեն համաձայնեցված 90 մլրդ եվրո վարկը բավարար չի լինի Ուկրաինայի կարիքները հոգալու համար։ Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը նշել է, որ անհրաժեշտ է նոր քննարկում սկսել՝ դա համարելով «արդար և ողջամիտ» լուծում։
Արևմտյան երկրները հակամարտության սկսվելուց հետո սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի մոտ 300 մլրդ եվրո պահուստներ, որոնց հիմնական մասը պահվում է բելգիական Euroclear-ում։ Նախորդ փորձերը ձախողվել էին Բելգիայի մտավախությունների պատճառով՝ կապված հնարավոր ֆինանսական պատասխանատվության և Ռուսաստանի դատական հայցերի հետ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միջոցների բռնագրավումը լուրջ իրավական հետևանքներ կունենա, և Մոսկվան կօգտագործի իր շահերը պաշտպանելու բոլոր հնարավոր միջոցները։
Միաժամանակ Բելգիան հունիսին դարձել է ԵՄ-ում ռուսական գազի խոշորագույն ներմուծողը՝ գնումներն ավելացնելով 27%-ով։ Իսկ Հունաստանը ավելի վաղ դեմ էր արտահայտվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին՝ բիզնեսի, այդ թվում՝ Dynagas-ի շահերի պատճառով։
