
Արտասահմանյան արժեթղթերը հայ ներդրողների համար դարձել են առավել հասանելի
2013թ.-ի դեկտեմբերին Clearstream Deutsche Börse Group-ի Clearstream Banking Luxemburg-ում բացված արժեթղթերի անվանատիրոջ հաշվի ներքո Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ապահովում է արտասահմանյան արժեթղթերով գործարքների հաշվառումը, վերջնահաշվարկը և սպասարկումը Հայաստանում:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայից տեղեկացնում են, որ Clearstream Deutsche Börse Group-ի հետ կապի ներդրման շնորհիվ հայկական ներդրողներին հնարավորություն է ընձեռվում նեդրումներ կատարել աշխարհի զարգացած և զարգացող 53 շուկաների արժեթղթերում՝ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միջոցով ապահովելով արժեթղթերով կնքվող գործարքների սպասարկումը, արժեթղթերի հաշվառումը և պահառությունը, ինչպես նաև արտասահմանյան արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը:
«Այս ձեռքբերումը թույլ կտա Հայաստանում շրջանառել արտասահմանյան արժեթղթերը, մասնավորապես, հայկական եվրոպարտատոմսերը՝ վերջիններս հասանելի դարձնելով հայաստանյան ներդրողների համար: Բացի այդ, արտասահմանյան արժեթղթերում ներդրումներ կատարելու գործընթացում արժեթղթերի պահառությունը տարանջատված է լինելու բրոքերային գործառնությունից, ինչը նպաստելու է ռիսկերի նվազմանը, ինչպես նաև ներդրողի և բրոքերի միջև հնարավոր շահերի բախման վերացմանը»,- նշել է Հայաստանի Կենտրանական Դեպոզիտարիայի Տնօրեն Վահան Ստեփանյանը: