Չինաստանն ԱՄՆ պետական պարտատոմսերում ներդրումները կրճատել է մինչև նվազագույն մակարդակը՝ 2008 թվականից ի վեր
Չինաստանի ներդրումների ծավալն ԱՄՆ գանձապետական պարտատոմսերում նվազել է մինչև 618 մլրդ դոլար՝ հասնելով 2008 թվականի օգոստոսից ի վեր ամենացածր մակարդակին։ Հրապարակման մեջ նշվում է, որ ամերիկյան պարտքային արժեթղթերի նկատմամբ Չինաստանի ներդրումների առավելագույն ծավալը գրանցվել է 2013 թվականի նոյեմբերին և գերազանցել է 1.3 տրլն դոլարը։ Ներկայում Պեկինը Վաշինգտոնի խոշորագույն վարկատուների ցանկում զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով Ճապոնիային և Մեծ Բրիտանիային։
Չինաստանի իշխանությունները հետևողականորեն վերաբաշխում են իրենց պահուստները՝ դրանք ուղղելով ոսկու և ԱՄՆ պետական գործակալությունների ակտիվների ձեռքբերմանը՝ ամերիկյան տնտեսությունից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս գործընթացը զգալիորեն արագացել է 2022 թվականի իրադարձություններից հետո, երբ սառեցվեցին Ռուսաստանի ակտիվները։ Լրացուցիչ գործոն է երկու երկրների տնտեսությունների վիճակի տարբերությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի բյուջետային զգալի դեֆիցիտը և հենց Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը։
Financial Times-ը ընդգծում է, որ տասնամյակների ընթացքում կուտակված առևտրային ավելցուկի արդյունքում ձևավորված պարտքի զգալի ծավալը շարունակում է զգայուն հարց մնալ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Ներկայիս դինամիկան արտացոլում է Չինաստանի՝ իր ֆինանսական ակտիվներն ապահովագրելու ձգտումը՝ պահպանվող դեֆլյացիոն ճնշման և առևտրային հաշվեկշռի ռեկորդային դրական սալդոյի ֆոնին՝ չնայած ընդհանուր տնտեսական դժվարություններին։
