Bank of America-ն նախազգուշացնում է տեխնոլոգիական շուկայի չափազանցված գնահատումների մասին
Bank of America-ի ռազմավարները նախազգուշացնում են, որ տեխնոլոգիական ընկերությունների շուկայում ներդրումային «փուչիկ» է ձևավորվում, հաղորդում է Bloomberg-ը։
Բանկի փորձագետների գնահատմամբ՝ Nasdaq 100 ինդեքսը շարունակում է արագ աճել նույնիսկ պարտատոմսերի եկամտաբերության կտրուկ բարձրացման պայմաններում։ Սակայն աճը հիմնականում ապահովում են արհեստական բանականության հետ կապված մի քանի խոշոր ընկերություններ, ինչը մեծացնում է մտահոգությունները, որ տեխնոլոգիական բաժնետոմսերի շուկայում «փուչիկի» հատկանիշներ են ի հայտ գալիս։
«Շուկայի աճին մասնակցող ընկերությունների սահմանափակ շրջանակը ձևավորվող փուչիկների դասական հատկանիշ է, և սովորաբար այդ միտումը շարունակվում է մինչև դրանց պայթելը», — նշել են ռազմավարները։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Bank of America-ն «փուչիկի» ռիսկի տեսանկյունից գնահատել է ակտիվների և ոլորտների 32 դաս։ Ամերիկյան տեխնոլոգիական բաժնետոմսերն այս պահին ունեն բանկի «փուչիկի ռիսկի ցուցիչի» ամենաբարձր մակարդակը։ Բարձր ռիսկայինների թվում են նաև նավթը, առողջապահության ոլորտը և հարավկորեական բաժնետոմսերը։ Վերջին դեպքում շուկայի դինամիկան մեծապես պայմանավորում են SK Hynix Inc. և Samsung Electronics Co Ltd. տեխնոլոգիական ընկերությունները։
The Wall Street Journal-ն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ արհեստական բանականության ոլորտում հսկայական ներդրումները ընկերություններին տեղափոխում են «վտանգավոր գոտի»։ McKinsey & Company-ի գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը տվյալների կենտրոնների կառուցման համաշխարհային ծախսերը կարող են հասնել 7 տրլն դոլարի։ Եթե արտադրողականության աճը բավարար չլինի նման ներդրումներն արդարացնելու համար, հետևանքները կարող են զգալի լինել տնտեսության համար։
Պարբերականը հիշեցրել է նաև հիշողության չիպերի շուկայում նախկին «փուչիկի» մասին։ Samsung-ի և SK Hynix-ի բաժնետոմսերը հունիսին նվազել էին ավելի քան 12%-ով՝ ճնշում գործադրելով Հարավային Կորեայի ամբողջ ֆոնդային շուկայի վրա։ Kospi ինդեքսը անկում էր ապրել 10%-ով, ինչի հետևանքով առևտուրը ավտոմատ կերպով դադարեցվել էր 20 րոպեով։
Financial Times-ը ևս գրել էր, որ ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների AI ներդրումները սկսում են ճնշում գործադրել նրանց ֆինանսական ռեսուրսների վրա։ Մասնավորապես, Amazon-ի, Alphabet-ի, Microsoft-ի և Meta-ի կապիտալ ներդրումների ծրագրերի ընդհանուր ծավալը գնահատվում է շուրջ 725 մլրդ դոլար։
