ԱՄՆ-ում գնաճը կրկին ուշադրություն է պահանջում. Քևին Հասեթ
Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ում գնաճը կրկին պահանջում է կարգավորող մարմինների ուշադրությունը։ Սպառողական գների վերջին տվյալները վկայում են գնաճային ճնշումների պահպանման մասին, թեև որոշ ապրանքներ, այդ թվում՝ տավարի միսն ու ձուն, էժանացել են։
«Եթե դիտարկենք նախորդ երեք ամիսները, թվում էր, թե գնաճն ամբողջությամբ վերահսկողության տակ է, սակայն այժմ այն կարծես կրկին ուշադրություն է պահանջում», — CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Հասեթը։
Հրապարակված տվյալների համաձայն՝ սեպտեմբերին ԱՄՆ-ում սպառողական գներն աճել են վերջին հինգ ամսվա ամենաարագ տեմպերով։ Սպառողական գների ինդեքսը (CPI) նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 0.6%-ով։
Միաժամանակ բազային գնաճը, որը չի ներառում սննդամթերքի և էներգակիրների գների փոփոխությունները, կազմել է 0,3%՝ գերազանցելով վերլուծաբանների սպասումները։
«Սա կա՛մ նվազման միտումից շեղում է, կա՛մ ժամանակավոր կտրուկ աճ», — նշել է Հասեթը։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ Քևին Ուորշը հրաժարվել է մեկնաբանել շուկայի սպասումները, որոնց համաձայն՝ կենտրոնական բանկը առաջիկա նիստում անփոփոխ կթողնի տոկոսադրույքները։
Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակում Ուորշը չի անդրադարձել դրամավարկային քաղաքականությանն ու տնտեսական կանխատեսումներին՝ ընդգծելով միայն, որ ԴՊՀ-ն կապահովի գների կայունությունը։
Հասեթը նշել է, որ հարգում է կենտրոնական բանկի անկախությունը և վստահ է, որ Ուորշը «կանի այն, ինչ ճիշտ է համարում»։
«Մարդիկ իսկապես ոգևորված են տնտեսության լավ վիճակով և ավելի շատ են ծախսում։ Եվ, իհարկե, հենց սա է այն հանգամանքը, որին Դաշնային պահուստային համակարգը պետք է ուշադրություն դարձնի», — եզրափակել է Հասեթը։
