
ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակության` Չինաստան կատարած այցի շրջանակում Պեկինում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ: Հանդիպման արդյունքում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև:
Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ համաձայնագրի շրջանակում Հայաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերը համաձայնվել են երկու երկրների միջև փորձի փոխանակում իրականացնել դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, վճարահաշվարկային ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում համագործակցությունը: