Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
26/05/2015 14:46
Կիսվել

Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ

Հարգելի՛ մրցանակակիրներ,

Սիրով ողջունում եմ ձեզ և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ բոլորիդ անձամբ հանդիպելու և շփվելու այս հնարավորության համար:

Ճանաչումը կարևոր է յուրաքանչյուր անհատի, առավել ևս՝ ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար: Այն վկայում է, որ մարդն օտարացած չէ իր հասարակությունից, իսկ նրա ներդրած ջանքերն արդյունք են տվել և գնահատվել են: Ձեզնից յուրաքանչյուրը, փորձեր ու սխալներ կատարելով, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ոլորտում հաջողության հասած ամեն ոք, պայքարել և գտել է արարման իր ուղին: Մենք հենց այդ պայքարն ենք արժևորում:

Ոչ պակաս կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ այստեղ ներկայացված են մեր ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին և կրտսեր սերնդի ներկայացուցիչները: Մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է թույլ չտալ սերունդների կապի խզումը: Գիտելիքի և կարողության, տաղանդի ու փորձի այն հարուստ պաշարը, որ ունի հայ ժողովուրդը, մենք պետք է փոխանցենք սերնդեսերունդ և բազմապատկենք:

Սիրելի՛ բարեկամներ,

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը յուրահատուկ խորհուրդ է հաղորդում նաև այս մրցանակաբաշխությանը: Անշուշտ, հարյուրերորդ տարելիցը ո՛չ որևէ բանի վերջն է, ո՛չ էլ՝ սկիզբը: Այն ընդամենը պայմանական սահմանագիծ է հայ ժողովրդի հարատևման ճանապարհին:

Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերին պարտադրեցին Գողգոթա՝ միայն իրենց ազգային և կրոնական պատկանելության համար: Դահիճները որոշել էին հայի անունը վերացնել աշխարհի երեսից: Այսօր այդ դժնդակ տառապանքներն անցած, նման ողբերգություն վերապրածների ժառանգները սպեկտրաբևեռաչափ են ստեղծում և նանոկառուցվածքներ ուսումնասիրում:

Սրանք հիրավի հպարտանալու ձեռքբերումներ են: Սա է հայ ժողովրդի պատասխանը մեզ ոչնչացնել ու վերացնել ծրագրողներին ու ցանկացողներին:

Այս պատասխանը տվել են առաջին հերթին հենց Հայոց ցեղասպանությունը վերապրածները՝ նրանք, ովքեր կարողացան հիմնահատակ ավերված մեր տունը կրկին կառուցել ու շենացնել: Վերապրածների այդ մեծագույն ավանդը գնահատելու նպատակով այս տարի մասնագիտական հանձնաժողովը որոշել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնել այսօր Հայաստանում բնակվող 23 վերապրած կանանց:

Փա՛ռք ձեզ, սիրելի՛ մայրեր, Փա՛ռք ու պատիվ ձեզ: Դուք այսօր խորհրդանշում եք այն հայ մայրերին, որ Դեր Զորի այրող ավազների վրա հայ մանուկներին մեսրոպատառ գիր էին սովորեցնում: Այսօր ձեր թոռները բարդ վիրահատություններ են կատարում և այդ նույն մեսրոպյան գրով ոսկեղենիկ հայերենի փոխադրում Ումբերտո Էկոյի նշանավոր գիրքը:

Հայոց ցեղասպանության դժնդակ ժամանակահատվածում գտնվեցին բարի կամքի տեր մարդիկ, ովքեր փրկեցին տասնյակ հազարավոր գաղթականների և որբերի: Դրանց շարքում անգնահատելի էր Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքը: Այսօր մենք ճանաչում ենք մեր վերապրելու գործում ամերիկյան ժողովրդի ունեցած վաստակը և երախտագիտություն ենք հայտնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնելով Մերձավոր Արևելքի հիմնադրամին:

Սիրելի՛ բարեկամներ,

Գնահատանքի հատուկ խոսք եմ ուղղում նաև հարգարժան Պողոսյան ընտանիքին, որն իր ուժերի չափով մասնակցում է մայր հայրենիքում տեղի ունեցող զարգացումներին՝ նաև այս մրցանակաբաշխությանն աջակցելու ճանապարհով:

Ամփոփելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն: Թո՛ղ ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: Խաղաղություն ձեզ և ձեր ընտանիքներին, ձեր հարազատներին և նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի:

Շնորհավորում եմ մեկ անգամ ևս:

Շնորհակալություն:

ՀՀ Նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակը շնորհվել է՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին (այժմ՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամ)` Առաջին աշխարհամարտի ընթացքում և հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին և որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու և նրանց կյանքը փրկելու համար:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակ շնորհվել է նաև ցեղասպանության ենթարկված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքոհիշյալ կանանց՝

Երևանից՝ Արևալույս Խաչատուրի ԱՄԱԼՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին, Սիլվարդ Հայրապետի ԱՏԱՋՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարի Ստեփանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1908 թվականին, Մարիամ Տիգրանի ՄԵՅՄԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարգարիտ Ներսեսի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Նվարդ Մկրտիչի ՍՈՒԴՋՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին,

Արագածոտնի մարզից՝ Խազալ Օզմանի ԱՄՈՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Ֆարխա Գուրգենի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ ծնված 1908 թվականին, Գույնա Նազարեթի ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1910 թվականին,

Արարատի մարզից՝ Մարիամ Շմավոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ծնված 1907 թվականին, Հերիքնազ Բարեի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ծնված 1909 թվականին, Մարիամ Հովհաննեսի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին,

Արմավիրի մարզից՝ Նեկտար Թովմասի ԱԼԱՏՈՒԶՅԱՆԻՆ՝ ծնված 1914 թվականին, Եպրաքսի Գևորգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ՝ ծնված 1914 թվականին, Արեգնազ Պողոսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Օվսաննա Սիմոնի ՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Արշալույս Եղիազարի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Սուտե Ալոյի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1909 թվականին,

Լոռու մարզից՝ Լուսիկ Թորոսի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարգարիտ Պողոսի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին,

Կոտայքի մարզից՝ Արաքսի Պետրոսի ԵՆԳՈՅԱՆԻՆ՝ ծնված 1910 թվականին, Հերսիկ Մարկոսի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին,

Շիրակի մարզից՝ Բուրաստան Իսահակի ՈՒԳՈՒՄՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին:

Վերոնշյալ կանանցից յուրաքանչյուրը ապրիլի 24-ին պարգևատրվել է 1 միլիոն դրամով: Մրցանակի գումարը՝ 23 միլիոն դրամը, հատկացվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից:

Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակ է շնորհվել՝

տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հակոբ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, Նունե ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և Վալերի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ` «Նոր սերնդի օպտիկական տարրի հիման վրա ստեղծված սպեկտրաբևեռաչափ» աշխատանքի համար,

արվեստի բնագավառում՝ Ռուբեն ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ՝ «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համար, Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ, Լալա ՊՈՒԼՈՒԶՅԱՆԻՆ, Ավետիք ԽԱԼԱԹՅԱՆԻՆ, Արսեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ և Վահագն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ` Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի համար,

բժշկագիտության բնագավառում` Հովհաննես ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆԻՆ, Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ և Արմեն ԽԱՆՈՅԱՆԻՆ` «Շնչափողի սպիական նեղացման վերականգնողական և վերակառուցողական վիրաբուժական բուժման ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար, Արա ԲԱԲԼՈՅԱՆԻՆ, Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Սահակ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Խաչատուր ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻՆ և Հելեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ` «Հայաստանում քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների ֆիզիկական և սոցիալական ռեաբիլիտացիայի երկարատև ուղին. Հայկական առաջին տրանսպլանտ խաղեր» աշխատանքի համար,

ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Խաչատուր ՆԵՐԿԱՐՅԱՆԻՆ և Արսեն ԲԱԲԱ-ՋԱՆՅԱՆԻՆ` «Մակերևութային պլազմոն պոլյարիտոնների գրգռման և տարածման առանձնահատկությունները նանոկառուցվածքներում» գիտական հոդվածների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Զավեն ԲՈՅԱՋՅԱՆԻՆ` Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակներ չեն շնորհվել բնական գիտությունների և հումանիտար գիտությունների զարգացման բնագավառներում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

արվեստի բնագավառում՝ Մանվել ՂԱԼԱՉՅԱՆԻՆ՝ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի առօրյան» օֆորտների շարքի համար, Արևիկ ԱՐՈՅԱՆԻՆ՝ «Գևորգյան ճեմարանի սաները» կտավի համար, Արեն ՄԱԼԱՔՅԱՆԻՆ՝ «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի համար:

դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ և Անդրանիկ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ,

«Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Սերգեյ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ (կլառնետ), Շողեր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ (դաշնամուր) և Արտավազդ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ (դաշնամուր):

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ չի շնորհվել գրականության բնագավառում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնման օրվանից ի վեր (2001-2015թթ.) 306 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի, այդ թվում՝ 19 միջազգային:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98