Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի հովանավորությամբ շարունակվում են կրթական ծրագրերը
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) շարունակում են համագործակցությունը 2015թ.-ին ԳԱԿ-ի կողմից կազմակերպվող կրթական ծրագրերի շուրջ։
Համագործակցության շրջանակում Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ-ի նորաբաց Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն կտա այցելուների համար հասանելի դարձնել աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։ Այն նորովի կհարստացնի այցելուների թանգարանային փորձառությունը, կստեղծի ինտերակտիվ միջավայր՝ խթանելով ուղիղ հաղորդակցումը համաշխարհային մշակույթի հետ։
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ նոր ծրագրերը, ինչպես նաև Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի ընձեռած լայն հնարավորությունները կօգնեն երեխաներին ու նրանց ծնողներին հաղորդակցվել արվեստի պատմությանը, թվային տեխնոլոգիաների օգնությամբ հարստացնել իրենց առցանց գիտելիքները: Ուրախ ենք, որ կենտրոնի հետ Beeline-ի համագործակցությունը թևակոխում է նոր փուլ` դարձնելով մարդկանց կյանքն ավելի լավը, խթանելով երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ որը հովանավորում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերը: Այս տարի Beeline-ի օգնությամբ ձեռք բերված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի համակարգիչները մեր այցելուներին հասանելի են դարձնում աշխարհի խոշոր թանգարանների և արվեստի հաստատությունների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները», – ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
Նշենք, որ Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը բացվել է ԳԱԿ-ի պատկերասրահ Մեկում։ Այն ընթեցասրահ–գրադարան է, որտեղ զետեղված են մոդեռն և ժամանակակից արվեստին առնչվող եզակի գրքերի ընտրանի Ջ. Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաև հայ արվեստին և արվեստագետներին վերաբերող ցուցահանդեսային պատկերագրքեր և մենագրություններ ԳԱԿ-ի գրադարանից։ Մոտավորապես 600 գիրք, ցուցահանդեսային կատալոգ և մենագրություն անվճար հասանելի են հետազոտողների, արվեստով զբաղվող ուսանողների և հանրության համար։ Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում գործում է նաև հատուկ անկյուն ընտանիքների համար, որտեղ ծնողներին և երեխաներին առաջարկվում են երևակայությունը խթանող ստեղծագործական գրքեր և զարգացնող խաղեր։