Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ազգային Ժողովի նիստ – 10/11/2015
10/11/2015 22:16
Կիսվել

Ազգային Ժողովի նիստ – 10/11/2015

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած կարգով:

Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի նոյեմբերի 10-ին հրավիրված արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է արտահերթ նիստի յուրաքանչյուր օր՝ ժամը 11:00-ին, գումարել մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ՝ յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը սահմանելով կես ժամ:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երեւան ուղեւորատար ավտոբուսի եւ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի վթարներից զոհված մեր հայրենակիցների հիշատակը: Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի անունից ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին ՝ մաղթել շուտափույթ ապաքինում:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ շնորհավորել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ մաղթելով առողջություն, բարեկեցություն, հաջողություն՝ ի շահ յուրաքանչյուր համայնքի եւ մեր միասնական պետության:

Պատգամավորները ողջունել են նաեւ երիտասարդներին՝ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:

Պատգամավորներն այնուհետեւ շարունակել են քննարկել նախորդ քառօրյա նիստում ընդհատված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագծի նպատակն է հստակեցնել խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելուն եւ վերսկսելուն, չվճարված նպաստի գումարը վճարելուն առնչվող հարաբերությունների իրավակարգավորումները: Առաջարկվում է նաեւ որպես խնամքի իրավունք տրվող պայման սահմանել ծնողի եւ երեխային ՀՀ բնակության պետական ռեգիստրում նույն վայրում հաշվառումը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ թեեւ օրենքի նախագիծն ամբողջությամբ չի կարգավորում ոլորտում առկա խնդիրները, այդուհանդերձ՝ խմբակցությունը կողմ է քվեարկելու՝ հաշվի առնելով որոշակի դրական տեղաշարժը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եզրափակիչ ելույթում եւս մեկ անգամ շեշտել է, որ փոփոխությունների նպատակը սոցիալական ծառայություններից օգտվող քաղաքացիների համար առավել հարմար պայմանների ստեղծումն է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է 2016 թվականից ներդրվող նպաստների համակարգին եւ նշել, որ նախաձեռնության հիմնական նպատակը ժամանակին հաշվառումն ու վերահսկողությունն է, որի արդյունքում ժողովրդագրական մի շարք խնդիրներ լուծում կստանան:

Խորհրդարանն այնուհետ երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի եւ Գագիկ Մելիքյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նպատակ ունենալով նույնականացման քարտերով ապահովելու քվեարկությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ առաջարկվում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ? սահմանելով, որ քվեարկության ժամանակ նույնականացման քարտը նույնպես համարվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ:

Հիմնական զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ առաջարկներ ներկայացրել են ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցությունները: Ընդունվել են ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունների առաջարկները, չի ընդունվել ՀԱԿ խմբակցության առաջարկը, որը վերաբերել է քվեարկողի մատը թանաքոտելուն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները: Մհեր Շահգելդյանի խոսքով՝ որեւէ առաջարկ չի ընդունվել, որով կիրականացվեին կանխարգելիչ գործողություններ՝ կանխելու կրկնակի քվեարկություններն ու կբարելավեին վերահսկողական մեխանիզմները:

Արամ Մանուկյանը խոսել է ընտրողների թվից, անդրադարձել իր հայտնաբերած անճշտություններից, հնարավոր համարել բազմակի քվեարկություններն այն քաղաքացիների կողմից, ովքեր ունեն եւ անձնագրեր, եւ նույնականացման քարտեր: Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, խոսել ընտրակեղծիքներից եւ ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության պակասից: Նա ընդգծել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի անհրաժեշտ չափով վստահված անձինք, ովքեր կարող են պատշաճ իրականացնել իրենց գործառույթները: Հեղինե Բիշարյանը խոսել է նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելու աննպատակահարմարությունից եւ ընտրակեղծիքներից, հնարավոր համարել կրկնակի քվեարկությունները: Նա, մասնավորապես, առաջարկել է քվեարկած անձանց ցուցակները տալ քաղաքական ուժերին: Աղվան Վարդանյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ խմբակցությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ: Պատգամավորը կարեւորել է ազատ եւ արդար հանրաքվեի անցկացումը: Նա շեշտել է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող մեկ միասնական փաստաթուղթ: Արտաշես Գեղամյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, այս համատեքստում անդրադարձել սահմանադրական փոփոխություններին եւ կարեւորել այդ գործընթացը ժողովրդավարության տեսանկյունից: Հովհաննես Մարգարյանը կարծիք է հայտնել, թե քննարկվող օրինագիծը հանրության շրջանում մեծացնելու է անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Նա առավել նպատակահարմար է համարել, որ քաղաքացիներն ընտրական գործընթացներին մասնակցեն անձնագրերով: Զարուհի Փոստանջյանը խոսել է ընտրական գործընթացների թերություններից, ընտրակեղծիքներից, անդրադարձել իշխանության ձեւավորման հարցին՝ այս համատեքստում կարեւորելով համակարգային փոփոխությունների իրականացումը: Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ նույնականացման քարտերով ընտրական գործընթացներին մասնակցելը հնարավոր կդարձնի ընտրակեղծիքները, մասնավորապես՝ կրկնակի քվեարկությունները: Նա եւս կարեւորել է անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթի առկայությունը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արտահերթ ելույթում անդրադառնալով գործընկերների ելույթներին՝ անհասկանալի է համարել նման պարզ եւ հասկանալի նախագծի կապակցությամբ ընթացող թեժ քննարկումները եւ որոշ ելույթներ համարել քաղաքական մանիպուլյացիա, որոնք նպատակ են հետապնդում քաղաքացիների շրջանում անվստահություն եւ հիասթափություն սերմանել ընտրական գործընթացների նկատմամբ: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ քննարկվող նախագիծն ունի մեկ հստակ նպատակ՝ վերականգնել անձնագիր չունեցող ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խնդիրն ի հայտ է եկել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Նա կարեւորել է սահմանադրական բարեփոխումների անցկացումը՝ նշելով, որ իշխանությունների նպատակն է անցկացնել օրինական եւ ժողովրդավարության չափանիշներին համապատասխան հանրաքվե, որն ընդունված կլինի ժողովրդի կողմից:

Գագիկ Մելիքյանը եւս կարեւորել է նախագծի ընդունումը, իրականությունից հեռու համարել գործընկերներից ոմանց մտահոգությունները: Նա շեշտել է, որ իշխանություններն ունեն մեկ նպատակ՝ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխանող ազատ, արդար եւ թափանցիկ հանրաքվե:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա անդրադարձել է «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկներին, նշելով, որ դրանց ընդունման դեպքում հնարավոր կլիներ ունենալ փոխզիջումային տարբերակ, որի առկայությունը քաղաքացիների շրջանում վստահություն կառաջացներ, որ տեղի է ունենալու ազատ եւ արդար հանրաքվե: Հեղինե Բիշարյանը պաշտպանել է որոշ գործընկերների այն տեսակետը, թե անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող մեկ միասնական փաստաթուղթ: Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է նախորդ ընտրություններում, իր գնահատմամբ, իրականացված ընտրակեղծիքներին: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ նույնականացման քարտերով, առանց համապատասխան վերահսկիչ սարքավորումների քվեարկության օրինականացումը հասարակության կողմից ընկալվում է որպես հանրաքվեի կեղծմանն ուղղված միջոցառում, որը խարխլում է հանրաքվեի լեգիտիմությունը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ընդդիմադիր որոշ գործընկերների ելույթների, ընդգծել է, որ իշխանության հասնելու սահմանադրական ճանապարհ կա եւ կոչ է արել նրանց գնալ այդ ճանապարհով, այլ ոչ թե ամբոխավարությամբ զբաղվել: Նա կարեւորել է, որ նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցած քաղաքացիների մասով արձանագրությունները տրվելու են վստահված անձանց: Պարոն Բաղդասարյանը վստահեցրել է, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ սադրանքները չազդեն ընտրությունների ընթացքի վրա եւ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացվեն:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ առաջարկվող տարբերակը թույլ կտա վերահսկողական մեխանիզմներ ունենալով հանդերձ՝ չխաթարել տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքը: Նա կոչ է արել գործընկերներին չառաջնորդվել նեղ անձնական շահերով եւ քայլեր ձեռնարկել հանրաքվեի բնականոն ընթացքն ապահովելու համար:

«ՀՀ Կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նշվել է, որ իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի բացահայտել եւ կարգավորել ՀՀ-ում գործող ֆինանսական խմբերի ռիսկերը` ապահովելով ֆինանսական համակարգի կայունությունը: Առաջարկվում է նաեւ սահմանել «ԿԲ նախագահ եւ երկու տեղակալ» կառուցվածք (ներկայում գործում է ԿԲ նախագահ եւ մեկ տեղակալ կառուցվածքը), որի պարագայում հնարավոր կլինի գործադիրում ձեւավորել լիարժեք կառավարչական մարմին, որը կիրականացնի գործառնական կառավարում եւ ընթացիկ որոշումների կայացում: Վերոնշյալ կառուցվածքը բնորոշ է զարգացած երկրների եւ մեր տարածաշրջանի գրեթե բոլոր կենտրոնական բանկերին եւ արտացոլում է միջազգային լավագույն փորձը կորպորատիվ կառավարման ոլորտում:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում փաթեթի առաջին օրինագիծը համալրվել է երկու նոր հոդվածներով՝ 905.1 եւ 928.7, որոնք էլ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ քննարկվել են առաջին ընթերցմամբ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ նախագծով կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` առաջարկվում է վերանայել դատախազների վարձատրության պաշտոնային դրույքաչափերը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնել ինժեներական, գծային, ճանապարհային, մայրուղային եւ այլ համակարգերի մաս կազմող հաղորդակցության ցանցերի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքների պետական գրանցում եւ դրանց վերաբերյալ տրամադրել տեղեկություններ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Առաջարկվում է ավելացնել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաեւ` Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը: Ըստ փոխնախարարի՝ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են դատարաններում դատավորների գերծանրաբեռնվածությամբ:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90