Կենտրոնական բանկ. շրջանառության մեջ են դրվել նոր 500 դրամ արժեքով «Նոյյան տապան» թղթադրամները
ՀՀ կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներակայացվեցին շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
«Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամների նկարագրությունը 500 դրամ անվանական արժեքով 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» Հայաստանի Հանրապետության հավաքորդական թղթադրամի չափերն են՝ 140 x 76 մմ: Թղթադրամը տպագրված է HybridTM բարձրորակ կոմպոզիտային նյութի վրա, որը երկու կողմերից պոլիէստերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամն ունի Նոյյան տապանը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույներն են՝ ոսկեգույնը, մոխրագույնը եւ շագանակագույնը, իսկ դարձերեսինը՝ երկնագույնը, ոսկեգույնը եւ բաց շագանակագույնը:
Դիմերես
Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքեւ մանրատառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը եւ «500» թիվը: Թղթադրամի ձախ մասում Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի պատկերն է, որի մեջտեղում փակցված է Նոյյան տապանի մասունքի 3D պատկերով փայլաթիթեղ (կինեգրամա), որն ունի շարժման եւ ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշներ։ Մասանց պահարանի պատկերի ձախ կողմում ուղղահայաց տպագրված է «Մասանց պահարան Նոյյան տապանի մասունքով», իսկ դրանից ձախ՝ ուղղահայաց, կարմիր գույնով՝ թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ՆՏ» տառերից (թղթադրամի սերիան) եւ վեց թվերից (թղթադրամի համարը): Համարանիշի վերեւում հորիզոնական տպագրված է «500» թիվը, իսկ ներքեւում՝ «2017» (թողարկման տարեթիվը) եւ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» գրառումները։
Մասանց պահարանի պատկերից աջ Էջմիածնի վանքի պատկերն է, հետին մասում երեւում է Արարատ լեռը, որից ներքեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի եւ ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Էջմիածնի վանքի պատկերի վերեւում թափանցիկ պատուհան է՝ Նոյյան տապանի հստակ պատկերով (երեւում է նաեւ դարձերեսից)։ Թղթադրամի անվանական արժեքը թվերով տպագրված է ներքեւի աջ մասում՝ խորը տպագրությամբ:
Թղթադրամի աջ եզրին ուղղահայաց գրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Արարատ լեռան մեջտեղի մասով անցնում է պատուհանաձեւ պաշտպանական ներգիծ, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ, «լողացող» 3D վառ օղակներ եւ իրար հաջորդող հատվածներ՝ Նոյյան տապանի պատկերը, «500» եւ «AMD» ապամետաղականացված գրառումները։ Ներգծից աջ՝ ձիթենու ճյուղը կտցին աղավնու պատկերն է, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ եւ «լողացող» 3D վառ օղակ։ Թղթադրամի վերեւի աջ հատվածում, մոխրագույնով տպագրված թղթադրամի համարն է՝ բաղկացած վեց թվերից: Տկարատեսների համար թղթադրամի վերեւի աջ անկյունում կա շոշափելի կարմիր կետ:
Դարձերես
Թղթադրամի մեջտեղի հատվածում Նոյի ու նրա ընտանիքի անդամների, իսկ նրանց աջ ու ձախ կողմերում տարբեր կենդանիների ու թռչունների պատկերներն են՝ Արարատ լեռան համապատկերին: Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրա ներքեւում մանրատառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերն են եւ «500» թիվը: Թղթադրամի վերեւի ձախ անկյունում «500» թիվն է, ներքեւի ձախ անկյունում՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը։ Թղթադրամի աջ մասում ուղղահայաց «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, որից ներքեւ՝ «500» թիվը։