
Հնարավոր է՝ Հայաստանում ամբողջությամբ գործարկվեն PayPal ծառայությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է PayPal ընկերության փոխնախագահի հետ հեռախոսազրույց ունենալու մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա PayPal ընկերության փոխնախագահի հետ՝ Հայաստանում PayPal-ի ծառայությունների ամբողջական գործարկման հետ կապված:
Փոխնախագահը խոստացավ իր թիմի հետ քննարկել իմ տված տեղեկատվությունը Հայաստանի մասին և ակտիվորեն աշխատել առաջարկված խնդրի շուրջ:
Որպես տեղեկատվություն պետք է ասեմ, որ PayPal-ը գործում է աշխարհի ընդամենը 65 երկրում և նույնիսկ որոշ Եվրոպական երկրներում այն ամբողջական ֆունկցիոնալությամբ չի գործում»:
Վերջում Հակոբ Արշակյանը հավելել է, որ փոքր ու միջին բիզնեսի համար շատ կարևոր է այսպիսի վճարային համակարգերի գոյությունը Հայաստանում, և իրենք շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ: