
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։
Վերջինս շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում:
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Սիլվի Բոսութղոյին և ընդգծել, որ մշտապես մեծ սիրով է համագործակցել Համաշխարհային բանկի հետ:
Նախարարի պաշտոնակատարը և ՀԲ գրասենյակի տնօրենը հանդիպման ընթացքում քննարկել են մեր երկրի հետ համագործակցության նոր շրջանակի հետ կապված զարգացումները:
Կողմերն անդրադարձել են նաև «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքներին:
Տիգրան Խաչատրյանը և Սիլվի Բոսութղոն քննարկել են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանը միտված աշխատանքները, զեկույցից սպասվող ակնկալիքները: