Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան
Այսօր՝ առավոտյան 10:00, Մերգելյան ինստիտուտի Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցավ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի բացման արարողությունը։ Վերջինիս ներկա էին 2019 թ.-ին Ֆորբս ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին եւ ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը։
Բացման արարողությունից անմիջապես հետո ցուցահանդեսի Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց Արմաթ կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար եւ սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտեցին կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարեւորությունը։
Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։