«Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովը՝ տնտեսական զարգացման գիտահետազոտական տեսլականի շուրջ միավորող հարթակ
Դեկտեմբերի 13-ից 14-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կանցկացվի «Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» խորագիրը կրող 2-րդ համաժողովը, որի նպատակն է գիտահետազոտական տարբեր ուղղությունների միջև ստեղծել համագործակցության հնարավորություններ:
Համաժողովը, որը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ, արդյունավետ հարթակ է գիտնականների և հետազոտողների համար՝ աշխատանքային նոր կապերի հաստատման և հետագա համագործակցության եզրերի ձևավորման տեսանկյունից։
Համաժողովի նպատակն է քննարկել «Պլաստիկի և նյութագիտության տեխնոլոգիաների», «Տվյալագիտության», «Էլեկտրոնիկայի», «Մոլեկուլային կենսաբանության» ոլորտներում առկա խնդիրներն ու նշված ոլորտներում արձանագրված վերջին զարգացումները, ինչպես նաև գիտահետազոտական տարբեր ուղղությունների միջև սահմանել համագործակցության հնարավորություններ։
Համաժողովի երկու օրերի ընթացքում Հայաստանում գործող Ինժեներական, Բարձր տեխնոլոգիական և ՏՏ ոլորտի ընկերությունների ու տարբեր գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ավելի լավ պատկերացում կազմել միմյանց գործունեության մասին, ինչը կդառնա կարևոր խթան՝ տնտեսական զարգացման տեսլականը գիտահետազոտական ծրագրերով համալրելու ճանապարհին։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, համաժողովի նպատակը տարատեսակ գործիքների և մեխանիզմների միջոցով Հայաստանի հետազոտական ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանն աջակցելն է:
«Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովը, որն անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ, Հայաստանի գիտական համայնքի համար կարող է դառնալ արդյունավետ հարթակ՝ քննարկելու նոր համաշխարհային միտումները և այդ համատեքստում Հայաստանի՝ մասնավորապես տեղական հետազոտական և տեխնոլոգիական ընկերությունների դերը,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:
«Բիզնեսի և գիտության արդյունավետ համագործակցությունը կարող է իրականացվել միայն կառուցողական երկխոսության շնորհիվ, ինչն իր հերթին ապագա համագործակցության հիմք կդառնա: Բիզնես-գիտություն-տեխնոլոգիաներ կամուրջը երկրի տնտեսական զարգացման հիմնական գրավականն է»,- ընդգծել է PMI R&D էկոհամակարգի մենեջեր Մարիամ Դավթյանը:
«Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովի շրջանակում նախատեսվում է ունենալ հագեցած օրակարգ: Առաջին օրն աչքի կընկնի Պլաստիկի և նյութագիտության տեխնոլոգիաների, Տվյալագիտության, Էլեկտրոնիկայի, Մոլեկուլային կենսաբանության ոլորտների մասնագետների մասնակցությամբ ընդհանուր քննարկումներով, որոնց ընթացքում կխոսվի ոլորտային մարտահրավերների և միտումների մասին:
Համաժողովի երկրորդ օրը կանցկացվեն թեմատիկ աշխատաժողովներ՝ գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների և Հայաստանում գործող Ինժեներական, Բարձր տեխնոլոգիական և ՏՏ ոլորտի ընկերությունների մասնակցությամբ:
Հավելենք, որ համաժողովի շրջանակում նախատեսվում է նաև հավաստագրեր հանձնել PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից 2019թ.-ին իրականացված գիտահետազոտական ոլորտի խթանմանն ուղղված որոշ ծրագրերի հաղթողներին: