Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 160-ի
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են Էջմիածնի և Շենգավիթում գտնվող արտադրամասի դեպքերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ»,- գրել է Նիկողոսյանը։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։