ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Հոն Ցզյուինին եւ հրաժեշտ տվել նրան դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ։
Հրաժեշտի հանդիպումն առիթ է եղել, որ դեսպանն ու վարչապետը ամփոփեն երկու երկրների համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու սպասելիքները։ Մասնավորապես, վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ հարաբերությունները գտնվում են դինամիկ զարգացման փուլում եւ ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության հետագա խորացմանը։
Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության եւ մեծ ավանդի համար, որ նա ունեցել է հայ-չինական բարեկամական համագործակցության ամրապնդման եւ հետագա խորացման, մասնավորապես երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջեւ ապագային միտված մի շարք համատեղ նախագծերի իրականացման գործում, այդ թվում` արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտատեխնիկական եւ այլ ոլորտներում։
Անդրադառնալով երկկողմանի համագործակցությանը` զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ առևտրաշրջանառության աճը, փոխադարձ վստահության ներկայիս մակարդակը միջազգային ասպարեզում եւ համոզմունք հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում կնպաստի երկու երկրների միջեւ փոխըմբռնման խորացմանը։
Վարչապետն ընդգծել է «Շանհայ-Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը եւ ժողովրդին Հայաստանին ցուցաբերած բազմաբնույթ օժանդակության համար։
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում։