Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կառավարությունը կփոխհատուցի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալների վարձավճարները
31/07/2020 08:05
Կիսվել

Կառավարությունը կփոխհատուցի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալների վարձավճարները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Ինչպես երեկ առիթ ունեցել եմ ասելու՝ վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է և բարելավվում է: Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք: Երեկվա դրությամբ դրական ախտորոշված և չառողջացած դեպքերը 8877 են: Հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել: Երեկ ունեցել ենք 259 նոր ախտորոշման դեպք և 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Իսկ նման իրավիճակ, որ 6 օր մեր դեպքերը լինեն 400-ից պակաս, այսինքն՝ մայիսի 24-ի դրությամբ է այդպիսի իրավիճակ արձանագրվել:

Այս ամենը նշանակում է, որ մենք շանս ունենք, եթե շատ պատկերավոր ասենք, ջարդելու այս համավարակի ողնաշարը: Եվ սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն: Առաջինը՝ ես ուզում եմ կրկին ընդգծել պետական կառավարման բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը մասնավորապես այնտեղ, որտեղ կա քաղաքացիների ընդունելության հատված: Բոլոր տեղերում պետք է հստակ հակահամաճարակային կանոնները պահպանվեն՝ դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում հերթերի ձևով, ընդ որում՝ ոչ միայն մուտքից ներս, այլև եթե այնպիսի իրավիճակ է, որ փակ տարածքում չեն տեղավորվում մարդիկ և ստիպված են դրսում սպասել, դրսում նույնպես պետք է հերթերը կարգավորվեն:

Օգոստոսի 1-ին թոշակների բաժանման պրոցես է սկսվելու: Եվ մենք  նախորդ` հուլիսի 1-ի օրինակով, մեծ պրոբլեմներ ունեցանք և՛ բանկերի բաժանմունքներում, և՛ Հայփոստի բաժանմունքներում: Այնպես որ, առաջիկա օրերին` այսօր-վաղը, պարոն Գալստյան և պարոն Արշակյան, հատուկ աշխատեք, որպեսզի հակահամաճարակային կանոնները հստակ պահպանվեն:

Իհարկե, այս ամենը չի կարող որևէ արդյունք ունենալ, եթե նույնպիսի պատասխանտվություն կամ առնվազն այդ պատասխանատվությունը չկիսեն մեր սիրելի հայրենակիցները, քաղաքացիները, որոնցից ակնկալվում է հակահամաճարակային կանոնների պահպանում՝ դիմակի պարտադիր կրում, սոցիալական հեռավորություն և ձեռքերի պարբերաբար ախտահանում: Որևէ կասկած չկա, որ, իհարկե, այս իրավիճակի բարելավումը հակահամաճարակային կանոնների պահպանման և, թույլ տվեք ասել, նաև քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունք է: Ի վերջո, մենք պիկը գոնե այսօրվա դրությամբ ունեցել ենք հուլիսի 6-ին: Եվ այդ պահին արդեն թվերն այնքան ահագնացող էին, որ նաև հանրության համար ունեցան սթափեցնող նշանակություն: Բայց ուզում եմ ասել, որ այս պրոցեսի անկյունաքարը, այնուամենայնիվ, դիմակների պարտադիր կրումն է: Եվ մենք համոզված ենք, մեր վերլուծությունը ցույց է տալիս՝ դիմակների պարտադիր կրումն է, որ այն մյուս ջանքերը դարձնում է առավել արդյունավետ:

Եվ պետք է մեր քաղաքացիներին խնդրեմ նաև, որ հոգեհանգիստների, հուղարկավորությունների արարողությունների ժամանակ լինեն ծայրահեղ ուշադիր և պահպանեն հակամաճարակային կանոնները կամ պարետատան սահմանած նորմերը: Նաև՝ հարսանյաց արարողությունների կազմակերպման ժամանակ և ընդհանրապես միջոցառումներ կազմակերպելու ժամանակ խստիվ հետևեն այն կանոններին, որոնք սահմանված են պարետատան կողմից:

Ցավոք, մենք հիմա վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտն ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի, ինչը նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են և ունեն հնարավորություն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից: Սա մի կողմից հնարավորություն է, որ մեր հայրենակիցները հայրենագիտական իրենց գիտելիքները մեծացնեն, բայց մյուս կողմից, կարծում եմ՝ մեր տեսչական մարմիններն այս ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առողջարաններում, հանգստյան տներում, հանգստի գոտիներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Եվ, իհարկե, կարծում եմ, որ այս արդյունքը կապված է նաև ոստիկանության գործողությունների առավել խիստ լինելու հետ: Ինչքան էլ դա մեզ բոլորիս որոշակի դիսկոմֆորտ և տհաճություն է պատճառում, բայց մենք պետք է շարունակենք նույնպիսի խստությամբ հետևել կանոններին, որովհետև հիմա ձևակերպում ենք խնդիր, որ մենք համաճարակը, ըստ էության, որպես օրակարգի հարց, դուրս բերենք մեր հանրային կյանքի օրակարգից: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր ընդհանրապես չլինեն Հայաստանի Հանրապետությունում: Սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեպքերը լինեն այն աստիճանի և մակարդակի վրա, որ մենք դա չհամարենք առնվազն առողջապահական առումով ճգնաժամ: Եվ հետևաբար, այո՛, մենք այսօր այդ շանսը, հնարավորությունը ռեալ ունենք: Ինչքանո՞վ կիրացնենք այդ շանսը՝ կախված է և՛ պետական մարմինների, և՛ մեզնից յուրաքանչյուրի, և՛ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվության մակարդակից: Եվ մենք հույս ենք դնում, սիրելի հայրենակիցներ, ձեզ վրա: Եվ, իհարկե, նաև մենք մեզնից կախված մեր պատասխանատվության բաժինը լիարժեք կկրենք: Բայց հույս ենք դնում, որ ձեզնից յուրաքանչյուրն այս պատասխանատվությունը և այս մարտահրավերը կընդունի, և մենք կկարողանանք սեպտեմբերին արձանագրել ճգնաժամի ավարտը:

Եվ էլի ուզում եմ ասել, որ այս լավատեսական ուղերձները ոչ թե նրա համար են, որ մեր զգոնությունը թուլանա, այլ նրա համար են, որ մենք ավելի զգոն լինենք, որովհետև մենք ունենք հնարավորություն, որը, ցավոք սրտի, երաշխավորված չէ, և կարող ենք այդ հնարավորությունը ձեռքից բաց թողնել, եթե պատշաճ լրջությամբ չվերաբերենք իրավիճակին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը: Հիմնավորման համաձայն, սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից միայնակ է 74-ը: Սահմանված կարգով միայնակ կենսաթոշակառուներին՝ սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման գործընթացը կիրականացվի անկանխիկ եղանակով: Ըստ նախնական հաշվարկների՝ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազ. դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ: Արդյունքում՝ կմեղմվի միայնակ թոշակառուների սոցիալական վիճակը, քանի որ վերջիններս տնտեսված այդ գումարը կկարողանա ծախսել կենսականորեն անհրաժեշտ այլ կարիքներ հոգալու համար:

Տավուշում Թումո շարժական կենտրոն կկառուցվի

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Տավուշի մարզ, քաղաք Բերդ, Հ. Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող 0.03724 հա հողամասը հետ վերցնել Բերդի ավագ դպրոցից անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին: Վերջինս այն կօգտագործի «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Թումո շարժական կենտրոն կառուցելու համար: «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիրը հանդիսանում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մաս:

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, շատ կարևոր նախագիծ է, որը Թումոն գործարկել է անցած տարի: «Այս նախագծի շրջանակում շարժական կենտրոնների միջոցով Թումոն իրականացրել է դասընթացների այն հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացվում: Բացի այդ, մեր նախարարության հետ նախնական քննարկումների արդյունքում պայմանավորվել ենք, որ այդ տարածքները կարող են տրամադրվել նաև ուսուցիչների վերապատրաստումներ իրականացնելու համար, դրանք հագեցված են լինելու անհրաժեշտ տեխնիկայով: Սա առաջինն է նման նախագծի մեջ, բայց Թումոն նախատեսում է տարբեր մարզերում այն իրականացնել։ Շարժական են, և մեկ վայրում արդյունավետությունը սպառելուց հետո կարող են տեղափոխվել նաև այլ համայնքներ», -ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ծրագրի կարևորությունը հատկապես սահմանամերձ բնակավայրերի զարգացման համատեքստում: «Մենք քննարկում ենք ընդհանրապես սահմանապահ համայնքների և սահմանամերձ բնակավայրերի զարգացման մեր ռազմավարությունները: Մի բան ակնհայտ է՝ մեր բոլոր ռազմավարությունների հիմքում կա և պետք է լինի մի պարտադիր բաղադրիչ՝ կրթականը: Իմ համոզմունքն այն է, որ ցանկացած ռազմավարության մեջ, որտեղ չկա կրթական բաղադրիչ՝ մենք չենք կարող հաջողել: Իհարկե, Թումոյի մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարևոր է»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հիշեցնելով, որ ընթացքի մեջ են գտնվում Կողբի Թումոյի կենտրոնի կառուցման աշխատանքները:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ նախատեսում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.004359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով:


Կառավարությունը շարունակում է մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովման գործընթացը. ԲԳՎ կտրամադրվի մանկատան ևս 24 սաների

Գործադիրը լրացումներ է կատարել «Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորող որոշման մեջ: Սահմանված կարգով բնակարանի գնման վկայագրեր ( ԲԳՎ) են տրամադրվում 1991թ-ից առ 2019թ. ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում: Նախնական գնահատումով նման շրջանավարտների թվաքանակը կազմել է շուրջ 300: Արդեն իսկ 133 շրջանավարտների համար որոշումը կայացված է, նրանք ստացել են ԲԳՎ-ները, ընդ որում՝ շուրջ 50-ն արդեն ձեռք է բերել բնակարաններ: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախարարությունում գործող համապատասխան հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվելու ևս 22 շրջանավարտներին ԲԳՎ տրամադրելու հարցը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ ավելի քան 130 դիմողների մերժվել է ԲԳՎ-ի տրամադրումը՝ տարբեր պատճառներով: «Մեզ դիմած քաղաքացիների շրջանում այս պահին ունենք 130 մերժում, որովհետև քաղաքացիները չեն համապատասխանում չափանիշներին։ Այն է՝ պետք է 18 տարին լրանալուն պես դուրս գրվի մանկատնից, ՀՀ քաղաքացի հանդիսանա, սեփականության վկայական չունենա և վերջին հինգ տարվա ընթացքում օտարած չլինի բնակարան։ Քննելով այս գործերը՝ մենք կառավարության անդամներին առաջարկեցինք քննարկել 24 անձանց բացառության սկզբունքով բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու հարցը»,- նշել է նախարարը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մանկատան սաների առաջ պետության ունեցած ամենամեծ պարատավորությունը պետք է լինի կրթական պարտավորությունը։ «Պարզ է, որ մենք հիմա այլ խնդիր ենք լուծում, բայց ես կրկին ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Մանկատան սաները պետք է ստանան այնպիսի կրթություն, որ հետագա կյանքում ապահովվի նրանց սեփական բարեկեցությունն աշխատանքով կառուցելու հնարավորությունը, և մարդիկ փակուղու մեջ չհայտնվեն։ Ցավոք, մենք շատ հաճախ ենք այդպիսի դեպքեր տեսնում, երբ մարդիկ մանկատունն ավարտելուց հետո հայտնվում են կյանքի փակուղում։ Ես ակնկալում եմ, որ մենք կունենանք բոլորովին նոր ուշադրություն մանկատան սաների կրթական հարցերի լուծման ոլորտում»,– ասել է վարչապետը։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Գործադիրը բավարարել է «Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ-ի ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 300 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 116 աշխատատեղ, կստեղծվի ևս 30 նոր աշխատատեղ` 115,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 500 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 300 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 23.5 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն նաև «Շարոսոլար» և «Սաթենկար» ՍՊԸ-ները: Մասնավորապես, «Շարոսոլար» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար, կառուցելու է արևային կայան։ Կայանը կառուցվելու և շահագործվելու է Արագածոտն մարզի, Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի Կաթնաղբյուր գյուղում։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին, առկա է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շնորհած էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիա՝ մինչև 2041 թվականի փետրվար 1-ը գործողության ժամկետով։ Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։ Նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում՝ կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար և 1 մլրդ 350 մլն դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, ծրագրի շրջանակում կստեղծվի 6 հիմնական և 40 ժամանակավոր նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 249 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 286.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 28 մլն դրամ:

Այլ որոշումներ. Ռոմանոս Պետրոսյանը ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից

Գործադիրի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար: «Այսօր համապատասխան միջնորդագիրը ես կստորագրեմ և կուղարկեմ ՀՀ նախագահին»,– ասել է վարչապետը:

Կառավարությունն ընդունել է «Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու մասին» որոշում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, այնուհետև տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է սնանկ՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել խնդրո առարկա անշարժ գույքերի վաճառքները ձևակերպել այն գումարով, որոնք քաղաքացիները հավելյալ կվճարեն շենքի կառուցապատումն ավարտին հասցնելու համար, այլ ոչ թե ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների համաձայն՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի: Խնդիրն այն է, որ խնդրո առարկա գործարքների ԱԱՀ-ով հարկման բազայի որոշումը ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման շրջանակում չիրականեցնելու պարագայում էականորեն ավելանալու է քաղաքացիների կողմից վճարման ենթակա հավելյալ գումարների չափը, որի վճարումը քաղաքացիների կողմից համարվում է ոչ իրատեսական: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան նշել է, որ կարգավորումը վերաբերելու է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված գործարքներին:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90