![ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ](https://b24.am/pub/uploads/2012/01/25012012_409602750.jpg)
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը բանկի պատվիրակության հետ քննարկել է մեր երկրում «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հնարավորությունները: Արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում, Նախագահի խոսքով, «Ռոսսելխոզբանկ»-ը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաև հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում:
Բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը` ընդգծելով, որ բանկը նպատակ ունի Հայաստանում համագործակցություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը: Իբրև առաջին քայլ, Դմիտրի Պատրուշևի հավաստմամբ, նախատեսվում է Հայաստանում «Ռոսսելխոզբանկ»-ի ներկայացուցչության հիմնում:
Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել «Ռոսսելխոզբանկ»-ին՝ ծրագրերի իրականացման գործում: