ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱԶԷՍ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 19-ին, մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններից՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները:
Քննարկումներն ուղղված են եղել ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտների վերակազմավորման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմասնակցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից ԵվրԱզԷՍ-ի խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարների պատվին տրվող ընդունելությանը: