Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
13/09/2012 11:06
Կիսվել

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի նիստում քվեարկությամբ ընդունեց  նախորդ օրը քննարկված «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ օրն ընդհատված ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը:

Հաշվետվության վերաբերյալ ելույթներում պատգամավորները ներկայացրին իրենց դիտարկումները եւ գնահատականները: Նշվեց, որ մեծ է Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքը, այն ոչ միայն բացահայտում է խախտումները, այլեւ դրանք կանխելու համար ԱԺ-ին եւ կառավարությանը առաջարկում լուծումներ: Նաեւ նշվեց, որ «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է կատարել հիմնարար փոփոխություններ եւ Վերահսկիչ պալատը ստուգումներ անցկացնող կառույցից  վերածել վերլուծողի: Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով` Վերահսկիչ պալատը չի ծառայում իր նպատակին. հաշվետվության մեջ նշված չեն կոռուպցիայի դեմ պայքարելու մեխանիզմները: ԱԺ-ի եւ հասարակության դատին ներկայացված խախտումների եւ չարաշահումների փաստերը բազում են, սակայն դրանք չեն բացահայտվում իրավապահ մարմինների կողմից, եւ մեղավորները մնում են անպատիժ: Պատգամավորների կարծիքով` ՀՀ դատախազությունը պետք է ԱԺ-ին ներկայացնի Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած խախտումների եւ չարաշահումների վերաբերյալ կազմած արձանագրությունները:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ կառավարության իրականացրած քաղաքականությանը, որը արծարծված է Վերահսկիչ պալատի զեկույցում: Խոսելով սոցիալական ապահովության բնագավառի թերացումներից եւ դրանց նկատմամբ կիրառվող միջոցառումներից` նախարարը փաստեց, որ ոլորտում արձանագրված էական տեղաշարժը կատարվել է կառավարության նախաձեռնած քայլերի շնորհիվ: Տեղեկացվեց, որ 2011թ. առաջին կիսամյակում ՀՀ ֆինանսների նախարարության  վերահսկողության տեսչությունը ամբողջ անձնակազմով միայն զբաղվել է սոցիալական ապահովության կենսաթոշակների ոլորտի ստուգումներով: Փոստատարների եւ կենսաթոշակ վճարողների հետ նախարարը անձամբ հետեւել է կենսաթոշակների վճարումներին, այցելել բնակարաններ, անցկացրել մարդահամար` արդյունքում ունենալով ճշտված ցուցակներ: Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ խորհրդարան ներկայացված 2012թ.-ի պետական բյուջեի նախագծում հաջողվել է 7 մլրդ դրամով կրճատել ոլորտի ծախսերը: Նախարարի կարծիքով` մեծ են պետական միջոցները խնայելուն ուղղված կառավարության ներդրած ջանքերը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն անդրադարձավ Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած գույքահարկին, հողի հարկին, տեղական տուրքերին եւ հողային պաշարներին վերաբերող հարցերին` ներկայացնելով վերջին տարիներին ոլորտում որդեգրած մոտեցումները, կատարված աշխատանքները եւ արդյունքները: Նշվեց, որ համայնքային բյուջեների եկամտային մաս կազմող գույքահարկն ու հողի հարկը մինչեւ 2006թ. ամրացված են եղել համայնքային բյուջեներին, սակայն դրանց հաշվարկային բազաների վարման, հարկային վարչարարության ամբողջական պատասխանատվությունը եղել է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից դուրս: Միայն 2006 թ.-ից սկսած` փուլ առ փուլ, սկզբում քաղաքային, հետագայում նաեւ գյուղական համայնքներին են փոխանցվել գույքահարկի, այնուհետեւ նաեւ հողի հարկի հաշվարկային բազաները: 2010թ. ընդունած օրենքների արդյունքում հողի հարկն ու գույքահարկը սահմանվել են որպես տեղական հարկեր, իսկ դրանց հավաքագրման լիազորությունները`  տեղական ինքնակառավարման մարմնի պարտադիր լիազորություն: Նույն օրենսդրական փաթեթով սահմանվել են նաեւ տեղական հարկային վարչարարության  հիմնական մեխանիզմները: Նախարարը տեղեկացրեց, որ 2008 թ.-ից համայնքների բյուջեների սեփական եկամուտները յուրաքանչյուր տարվա կտրվածքով աճել են, ինչը հնարավորություն է տվել որոշակի չափով մարել համայնքային աշխատողների աշխատավարձերը:

Հաշվետվության վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռուբեն Հակոբյանը: Համաձայնելով ընդդիմադիր պատգամավորների  տեսակետների հետ` պատգամավորը նշեց, որ հաշվետվության մեջ ներկայացված չարաշահումները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ երկրում մեծ է կոռուպցիան: Նրա կարծիքով` Վերահսկիչ պալատի գործառույթները պետք է տալ ընդդիմությանը, ինչպես դա արվում է Նորվեգիայում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, շնորհակալություն հայտնեց Վերահսկիչ պալատին` կատարված չարաշահումները բացահայտելու համար:  Խախտումներն ու յուրացումները, պատգամավորի գնահատմամբ, համատարած բնույթ ունեն. միայն սոցիալական ոլորտում 58 հազարից ավելի մահացած թոշակառուների բացահայտումը եւ նրանց հավելագրված կենսաթոշակները երեք տարիների ընթացքում բյուջեին պատճառել են  40-45 մլրդ դրամի վնաս:

Եզրափակիչ ելույթում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը կրկին անգամ փաստեց Վերահսկիչ պալատի ծրագրի եւ հաշվետվության համապատասխանության անհրաժեշտությունը:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփիչ ելույթում արձագանքեց պատգամավորների հարցադրումներին, այդ թվում եւ հաշվետվությունը ներկայացնելու ձեւաչափին: Իշխան Զաքարյանը նշեց, որ  փաստաթուղթը կազմել են` ելնելով նոր խնդիրներից ու իրողություններից, իսկ առավել մանրամասն բացահայտումներին կարելի է ծանոթանալ միջանկյալ եզրակացություններն ու  թեմատիկ ուսումնասիրությունները թերթելով, որոնք երբեմն հատորներ են կազմում:

Այնուհետև, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը պատգամավորներին ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ իր հեղինակած նախագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին: Թեեւ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, եւ, հատուկ կարգի համաձայն, պետք է քննարկվի երկրորդ ընթերցման ընթացակարգով, մի շարք նոր հոդվածներ հիմնական զեկուցողն առաջարկեց ընդունել նախ առաջին ընթերցմամբ: Նախագծի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, ինչով պայմանավորված էլ ավելացվել են նոր դրույթներ: Լրամշակված տարբերակում հնարավոր է դարձել պատգամավորի բացակայությունը հանձնաժողովի նիստում հարգելի համարել, եթե նա մասնակցում է մեկ այլ նիստի կամ խորհրդարանական լսումների: Համապատասխան հիմքերի դեպքում բացակայությունը, ըստ նախագծի, հարգելի է ճանաչում ԱԺ նախագահը: Ավանդաբար ուրբաթ օրն անցկացվող մշտական հանձնաժողովների նիստերը օրենքի ընդունման դեպքում կտեղաբախշվեն շաբաթվա բոլոր օրերի վրա: Խորհրդարանը որոշմամբ կհաստատի հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույցը` դրանով իսկ փոքր խմբակցությունների պատգամավորներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու երեք հանձնաժողովների նիստերին: Այս պարագայում, հիմնական զեկուցողի ներկայացմամբ, վերանում է քվորում ապահովելու մտավախությունը, յուրաքանչյուր պատգամավոր հավասար հիմունքներով կհաշվառվի տարբեր օրերին եւ ժամերին հրավիրված հանձնաժողովների նիստերում: Նոր տարբերակում վերացվել է նաեւ ուրբաթ օրը լսումներ չհրավիրելու սահմանափակումը: Նաեւ նախատեսվել է պատգամավորների բացակայությունները հրապարակել ոչ թե նստաշրջանի ավարտից հետո 30-օրյա ժամկետում, այլ յուրաքանչյուր ամիսն ավարտվելուց հետո 10-օրյա ժամկետում: Նախագիծը երկրորդ ընթերցման ընթացակարգով ներկայացնելով` Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ երեք մշտական հանձնաժողովներին անդամակցելու հնարավորություն են տվել նաեւ խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված անկախ պատգամավորներին:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը, որն ուղղված է  երկու տարի առաջ կատարված կենսաթոշակային բարեփոխումներն ամբողջացնելուն, հստակեցնում է որոշ ձեւակերպումներ եւ ապահովում տեղեկատվական համակարգերի ներդրումը:

ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանն սկսվելու պատճառով հարցի քննարկումն ընդհատվեց: ԱԺ պատգամավորները օրինագծի քննարկումը կշարունակեն սեպտեմբերի 13-ի նիստում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98