
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը:
Նախագահը շնորհավորել է դեսպան Տուրկին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանը կանի ամեն հնարավորը հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում իր զգալի ներդրումն ունենալու համար:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը և պատրաստ է փոխշահավետ հիմունքներով առաջ մղել երկկողմ քաղաքական երկխոսությունը:
Հայ-էստոնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը: