ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ՄԵԾ ԵՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, շնորհավորել նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ընդգծելով, որ այդ հաջողություններով շատ բան է պայմանավորված լինելու առաջիկայում, շատ ավելին, քան առաջին հայացքից կարող է երևալ:
«Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, և արդյունավետ աշխատելու համար էլ որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ: Քանիցս ասել ենք, որ մենք մեր աշխատանքով անցած տարիներին հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով՝ խիստ որոշակի արդյունքներով», – կառավարության անդամներին ուղղված իր խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահն ընդգծել է, որ անցած տարի կառավարության առջև խնդիր էր դրվել ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ, և այդ խնդիրը լուծվել էր: «Ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված: Բայց այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք ոչ թե՝ ի՞նչ է արվել, այլ արվածն ի՞նչ արդյունքներ է տվել: Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի: Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է, չափելին ոչ միայն պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, այլ տարբեր գործիքների օգտագործմամբ նաև պետական հատվածում աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը նպաստելն է, ուռճացված պետական համակարգի օպտիմալացումն է, չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է», – նշել է Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ շնորհավորանքի համար և հավաստիացնել, որ կառավարությունը քաջ գիտակցում է, որ և՛ Նախագահի, և՛ մեր քաղաքացիների սպասումները բավականին բարձր են: Կառավարությունը, վարչապետի խոսքով, ամեն ինչ կանի, որպեսզի արդարացնի և՛ Հանրապետության Նախագահի, և՛ մեր քաղաքացիների սպասումները, որպեսզի կառավարության գործունեության արդյունքները լինեն շոշափելի և տեսանելի յուրաքանչյուր քաղաքացու համար: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը դրա համար ջանք չի խնայի և նվիրումով կաշխատի հանուն այդ նպատակների: