ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Հունիսի 20-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
ԱԺ պատգամավորներն ավարտել են 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրի քննարկումը: Ներկայացվել է նաեւ վարկային համաձայնագրի հետ կապված նույնանուն երաշխավորման համաձայնագիրը, որի արժեքը, ինչպես եւ նախորդ համաձայնագրինը, 20 մլն ԱՄՆ դոլար է, որը Ասիական զարգացման բանկի կողմից հատկացվելու է սկզբնական փուլում տարեկան 1, այնուհետեւ 1,5 տոկոսով, 32 տարի ժամկետով, որից 8 տարին՝ արտոնյալ: Համաձայնագրի նպատակն է Հայաստանում զարգացնելու կանանց ձեռներեցությունը:
Ազգային ժողովը քննարկել է նաև 2013 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը: Նշվել է, որ համաձայնագրի նպատակն է կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը եւ բարելավել ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետությունը նշված ոռոգման համակարգերում: Ըստ համաձայնագրի` Վերակառուցման եւ զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն, 25 տարի մարման ժամկետով, որից արտոնյալ է 10 տարին:
ԱԺ պատգամավորները քննարկել են նաեւ 2012 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Ջրային ոլորտի ծրագիր» (Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր) ֆինանսական պայմանագիրը եւ դրան կից 2013 թվականի հունվարի 10-ին ստորագրված փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագիրը, որը, ինչպես նշվել է, ջրային տնտեսության զարգացման ու օպտիմալացման նպատակ ունի, ինչպես նաեւ նախատեսվում է իրականացնել կոյուղու մաքրման շինարարություն: Վարկային գումարը 20 մլն եվրո է, տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 5 տարին՝ արտոնյալ հիմունքներով:
Ներկայացվել է նաև 2013 թվականի փետրվարի 11-ին կնքված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը: Բանկի տրամադրելիք գումարի չափը 45 մլն ԱՄՆ դոլար է, իսկ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է համաֆինանսավորել տրամադրված գումարի 20 տոկոսի չափով: Վարկային գումարը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ պայմաններով: Ըստ համաձայնագրի՝ կհիմնանորոգվեն կենսական նշանակության ավտոճանապարհները, ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքներ կիրականացվեն եւ գումարների մի մասն էլ կնպատակաուղղվի համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը:
ԱԺ պատգամավորները քննարկել են նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ երրորդ ընթերցման ներկայացված «Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը:
Ազգային ժողովը վավերացրել է քննարկված միջազգային պայմանագրերը եւ ամբողջովին ընդունել քննարկված օրինագծերը:
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: