
Կստեղծվի ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
Հրամանագրով հաստատավել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը:
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է՝
– մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը,
– Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանը: