Եվրամիությունը Հայաստանը համարում է Արևելյան գործընկերության շրջանակներում կարևոր երկիր
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխին:
Նախագահի Մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային հարցեր:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ եվրոպական համայնքի գործընկերների հետ ակտիվ երկխոսությունն ու շփումները դրական լիցքեր են հաղորդում Հայաստանին՝ եվրամերձեցման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը վճռական է շարունակելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առանցքը կազմող ինստիտուցիոնալ բարեփոխումները և հանձնառու է կառուցել եվրոպական արժեքների վրա հիմնված ժամանակակից մրցունակ պետություն ու այդ ճանապարհին ակնկալում է գործընկերների աջակցությունը:
Միլան Ցաբրնոխը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանը համարում է Արևելյան գործընկերության շրջանակներում կարևոր երկիր և շարունակելու է աջակցությունն ու համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի հետ երկխոսությունը զարգացնելու գործում նա կարևորել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա ակտիվ աշխատանքը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին: