Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին:
Նախագահի Մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը հայ-ամերիկյան հարաբերությունների համակողմանի և բազմաբնույթ երկխոսության շարունակականության տեսանկյունից:
Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնել այդ հարաբերություններն ու երկու երկրների միջև ընդլայնել փոխգործակցությունը, որտեղ, կողմերի համոզմամբ, զգալի ներուժ կա:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:
Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: