200 մլն դոլար ներդրման արդյունքում Սյունիքում կստեղծվի 1800 նոր աշխատատեղ
ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին: ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդես են գալիս մի ծրագրի շրջանակում, որի նպատակն օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է: Նախնական հաշվարկներով ներդրումները կարող են կազմել շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 1800 աշխատատեղ:
Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ռետրոակտիվ ֆինանսավորման նպատակով կառավարությունը որոշել է հատկացնել նախագծային և մրցութային փաստաթղթերի առաջանցիկ պատրաստման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, որոնք հետագայում կվերադարձվեն ՀՀ պետական բյուջե դոնոր կազմակերպության վարկային միջոցներից:
Ներդրումային ծրագրի շրջանակում «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ հարկի գումարի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին որոշմամբ նախատեսված ծրագրի իրականացման ընթացքը ապահովելու նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել իր 2012թ. մարտի 22-ին ընդունած թիվ 329-Ա որոշման մեջ, ճշգրտելով ներմուծվող սարքավորումների ցանկը: