Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների եվ գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարին
05/12/2014 18:24
Կիսվել

Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների եվ գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) 7-րդ համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով:

***

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում

 

Հարգելի՛ գործարարներ, գործատուներ և հյուրեր,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում և հույս եմ հայտնում, որ այսօրվա քննարկումներն ի նպաստ կլինեն մեր ընդհանուր գործին, մեր տնտեսության զարգացման և առկա նոր հնարավորություններից օգտվելու արդյունավետ ճանապարհների ընտրությանը:

Այսօրվա ելույթս կբաժանեմ 3 մասի. ելույթի առաջին մասում կխոսեմ մինչ այսօր Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների մասին, զուգահեռներ կանցկացնեմ այսօրվա և տնտեսական զարգացման մեր անցած ճանապարհի ժամանակահատվածների հետ: Երկրորդ` կանդրադառնամ առկա տնտեսական մարտահրավերներին և այն օբյեկտիվ իրականությանը, որում Հայաստանը հայտնվել է՝ հաշվի առնելով նաև համաշխարհային տնտեսության միտումները: Երրորդ մասում կխոսեմ ապագա հեռանկարների և մեր անելիքների մասին:

Եվ այսպես, ինչպիսի զարգացումներ է ապրել մեր երկիրը և որտեղ է գտնվում այսօր: Այս համատեքստում կարելի է խոսել երկու խումբ ցուցանիշների մասին. առաջին խումբը տնտեսության զարգացվածության մակարդակը բնութագրող ցուցանիշներն են և երկրորդ խումբը՝ կյանքի որակը բնութագրող սոցիալ-տնտեսական ցուցանիշները:

Նախ` խոսենք տնտեսական զարգացումների մասին. գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկիր իր զարգացման պատմության ընթացքում անցնում է տնտեսական փոխարկումների փուլերով: Ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնագետների՝ աշխարհի բոլոր երկրները դասակարգվում են զար-գացման 5 փուլերում գտնվող երկրների խմբերի, ընդ որում 3 փուլեր համարվում են հիմնական, իսկ 2 փուլ՝ մեկ հիմնական փուլից մյուսին անցնելու միջանկյալ փուլեր: Տնտեսական զարգացման առաջնային հիմնական փուլը էժան ռեսուրսների վրա հիմնված տնտեսությունն է, որին ներհատուկ է էժան և ցածրորակ աշխատուժի օգտագործմամբ վերջնական արդյունքի ստեղծումը, իսկ միջազգային շուկաներում այսպիսի երկրները մրցունակ են լինում հիմնականում հումքի արտահանմամբ: Այս տիպի երկրների տնտեսություններին հատուկ է արտաքին աշխարհից եկող ցնցումների նկատմամբ թույլ դիմադրողականությունը, քանի որ տնտեսության հենքերը լինում են ոչ ամուր, ընդհանուր ռեսուրսների արտադրողականությունը ցածր և էապես կախված հումքի միջազգային գների վայրիվերումներից:

Տնտեսական զարգացման հաջորդ հիմնական փուլը արտադրական ռեսուրսների արդյունավետությամբ առաջ մղվող տնտեսություններն են: Այս տիպի երկրներին հատուկ է արտաքին աշխարհից եկող ցնցումներին դիմակայելու հարաբերականորեն ավելի բարձր կարողությունը, քանի որ ունենում են ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն և արտահանում, արտադրական գործոնների հարաբերականորեն ավելի բարձր արտադրողականություն և օգտագործման արդյունավետություն, միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների տատանումներից համեմատաբար քիչ կախվածություն:

Տնտեսական զարգացման վերջին փուլը, որին ձգտում են բոլոր զարգացող երկրները, այդ թվում նաև Հայաստանը, նորարարությամբ առաջմղվող գիտելիքահենք տնտեսություններն են, որոնց ներհատուկ է համաշխարհային շուկաներում բարձր մրցունակությունը, տնտեսական ուժեղ հենքերը և արտադրական գործոնների բարձր արտադրողականությունը: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ցանկացած երկրի համար բոլոր փուլերով անցումն անխուսափելի է, և հնարավոր չէ անմիջապես ցատկել առաջին փուլից երրորդ փուլ կամ երկրորդ փուլից՝ չորրորդ փուլ: Սակայն հնարավոր է այս փուլերով արագ անցնել, եթե երկիրը ճիշտ տնտեսական քաղաքականության թիրախներ է սահմանում, ընտրում համապատասխան մարտավարություն և դրանց իրագործման գործում ագրեսիվ տնտեսական բարեփոխումներ իրականացնում: Սա է տնտեսական զարգացման ճիշտ բանաձևը, և սա է ընտրված որպես մեր տնտեսության քաղաքականության հենք:

Տնտեսական փոխարկերպումներով անխուսափելիորեն շարժվել է նաև մեր տնտեսությունը. Համաշխարհային մրցունակության համաժողովն այս տարվա իր զեկույցում արձանագրել է, որ Հայաստանը հաղթահարել է արդեն տնտեսական զարգացման առաջին երկու փուլերը և դասվել երրորդ փուլի՝ արտադրական ռեսուրսների արդյունավետության վրա հիմնված տնտեսություն ունեցող երկրների շարքին: Դա նշանակում է, որ համաշխարհային նոր շուկաներ գրավելու տեսանկյունից Հայաստանն արդեն մրցելու է ավելի արտադրողական և մրցունակ այս խմբի երկրների հետ: Իհարկե, սա կարևոր գնահատական է Հայաստանի տնտեսությանը և տեղափոխում է մեզ տնտեսական զարգացման նոր որակական հարթություն: Սակայն մյուս կողմից սա պարտադրող է, քանի որ հետագայում մրցունակ մնալու և տնտեսական աճ ապահովելու համար Հայաստանը պետք է հիմնվի առավել արդյունավետ արտադրական գործընթացների կազմակերպման և առավել բարձրորակ արտադրանքի թողարկման վրա: Կարծում եմ՝ սա կարևոր է ընկալելու ոչ միայն գործարար աշխարհի համար, այլ նաև տնտեսական քաղաքականության իրականացման պատասխանատուների համար, որոնք պետք է ապահովեն համապատասխան բարենպաստ տնտեսական միջավայրը՝ շարժառիթներ ստեղծելու գործարարների մոտ պարբերաբար նոր ներդրումներ կատարելու և թարմացնելու արտադրական հզորությունները: Դա անհրաժեշտ է տնտեսվարողներին, որպեսզի ոչ միայն արդյունավետ դիմակայեն արտաքին մրցակիցներին, այլ նաև նոր շուկաներ գրավեն կամ ամրացնեն իրենց դիրքերն առկա շուկաներում:

Հայաստանի տնտեսական զարգացման փուլային գործընթացները բացատրվում են նաև թվերով, որոնցից մի քանիսին հիմա կանդրադառնամ: Հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը գտնվում էր զարգացման առաջին փուլում: Այդ ժամանակահատվածում տնտեսության բնութագրականներն էին աշխատավարձերի ցածր մակարդակը, որն, ի դեպ, արտացոլում էր աշխատուժի արտադրողականության ցածր մակարդակը, ոչ բարդ արտադրատեսակների արտադրությունը և այդ պատճառով արտաքին աշխարհի շուկաներ գրավելու թույլ կարողությունը, ներմուծման բարձր կշիռը ՀՆԱ-ի մեջ, փոքր արտահանման ծավալները: 1995թ-ին տնտեսության միջին աշխատավարձը կազմում էր ընդամենը $17.5: 1995թ-ին կարողացել ենք արտաքին աշխարհին մատակարարել շուրջ $303.6 մլն ապրանք և ծառայություն: Ընթացիկ հաշվի պակասուրդը նույն տարում եղել է ՀՆԱ շուրջ 17.2%-ը՝ հետագա մի քանի տարիներին շարունակելով աճել, ինչը նշանակում էր, որ մենք զգալի չափով մեր սպառումը բավարարում էինք արտաքին աշխարհի խնայողությունների օգտագործման հաշվին: Հարկերը կարողանում էինք հավաքել ՀՆԱ 8.2%-ի չափով, և Հայաստանն ուներ մոտավորապես 270 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջե: Ֆինանսական հատվածն ի զորու էր տնտեսությանը մատակարարել սահմանափակ թվով ծառայություններ, ինչը վկայում է տնտեսության 6.1% դրամայնացման ցուցանիշը, և այս թվերը կարելի է շարունակել:

Տնտեսական զարգացման երկրորդ-անցումային փուլը Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է հազարամյակի սկզբներից: Համաշխարհային բարձր տնտեսական աճի միջավայրում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը, հանքահումքային ապրանքների միջազգային գների աճի հաշվին արտահանումը և արտասահմանում ապրող և աշխատող մեր հայրենակիցների կողմից դրամական փոխանցումների աճող ծավալներն այն գործոններն էին, որ ապահովում էին արձանագրվող երկնիշ տնտեսական աճը: Այդ պայմաններում արդեն 2005 թվականին Հայաստանն ուներ մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարանոց պետական բյուջե, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության շուրջ 17.0%-ի պայմաններում: Այդուհանդերձ տնտեսության կառուցվածքում սկսեց նկատվել ոչ արտահանելի հատվածի դերի ավելացում, որը շարունակվեց նաև հաջորդ տարիներին. հետագայում, օրինակ, շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասավ ընդհուպ 25.3%: Նման իրողությունների պայմաններում ՀՆԱ-ի մեջ արտահանման արդեն իսկ ձևավորված փոքր կշիռը՝ 15.1%, ազդակ էր, որ Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային խորը տեղաշարժերի և արտաքին ցնցումներին դիմակայելու կարողությունների աճի կարիք ունի:

2009 թվականի տնտեսական ճգնաժամն ի ցույց դրեց տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացման, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում աճի խթանման և արտահանմամբ ուղղորդված տնտեսական աճ ունենալու անհրաժեշտությունը: Դա կնվազեցներ մեր տնտեսության խոցելիության աստիճանը համաշխարհային տնտեսական ցնցումներից և կտեղափոխեր մեր տնտեսությունը զարգացման նոր որակական փուլ: Այս սկզբունքը դարձավ կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմնաքարը, իսկ բիզնես միջավայրի բարելավումը և երկրի մրցունակության բարձրացումը՝ նպատակներին հասնելու միջոցներ:

Այսօր, եթե վերլուծենք տնտեսական կառուցվածքը բնութագրող ցուցանիշների միտումները, ապա պետք է փաստենք, որ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն աստիճանաբար վերականգնեցին իրենց դերը տնտեսության կառուցվածքում, իսկ դրան զուգահեռ նաև արտահանելի հատվածը սպասարկող ծառայությունների կայուն աճ արձանագրվեց: Այս տարվա արդյունքներով էլ պարզ կլինի, որ դիտարկված միտումները շարունակվում են. գնահատվում է, որ գյուղատնտեսության և արդյունաբերության ընդհանուր կշիռը ՀՆԱ-ում կկազմի 37.0%, իսկ ծառայություններն առանց առևտրի կհասնի ՀՆԱ շուրջ 32.0%-ի, փաստելով որ տնտեսական աճի ստեղծման շարժիչ ուժն աստիճանաբար տեղափոխվում է տնտեսության ավելի արտադրողական՝ արտահանելի հատված: Զուգահեռաբար ֆինանսական համակարգն ընդլայնել է տնտեսությանը մատակարարվող ծառայությունների ծավալը, որի պարագայում մոտ կրկնակի աճ է արձանագրվել տնտեսության դրամայնացման ցուցանիշում 2014թ-ի գնահատականի համաձայն հասնելով շուրջ 38.0%:

Արդյունքում 2014թ-ին Հայաստանի Հանրապետությունն արդեն ունակ է հավաքագրել ՀՆԱ-ի ավելի քանի 23 տոկոս հարկեր, իսկ բյուջեն մոտենում է 3.0 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանին:

Իհարկե, դեռևս ձեռք բերված ցուցանիշների մակարդակը բավարար չէ խոսելու լիարժեք բարձր դիմադրողականություն ունեցող տնտեսության մասին, սակայն շատ կարևոր է այս միտումների հետագա շարունակականությունը:

Հայաստանի տնտեսության վերոնշյալ փուլային զարգացումներում ականատես էինք լինում նաև դրական շատ փոփոխությունների երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշներում: Այս տեսանկյունից Հայաստանի առաջընթացը փաստող ցուցանիշներից է գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, որն ավելի ճշգրիտ և արդարացի ցուցանիշ է, քան մեկ շնչի հաշվով անվանական դոլարային ՀՆԱ-ն, քանի որ հաշվի է առնում նաև մեր և գործընկեր երկրների գնաճերի տարբերությունները: Ըստ ԱՄՀ համաշխարհային տնտեսական հեռանկարների տեղեկատվական աղբյուրի՝ Հայաստանի միավոր շնչին բաժին ընկնող գնողունակության համարժեքով ճշգրտված ՀՆԱ-ն 1995թ-ին կազմել է $1,391, 2005թ-ին՝ $4417.3 իսկ 2013թ-ին $7,034: Նույնանման դինամիկա ունենք նաև մեր տնտեսության միջին իրական աշխատավարձերի հատվածում: 2014թ-ի վերջին տնտեսության միջին աշխատավարձերը 1995թ-ի ցուցանիշի համեմատ իրական արտահայտությամբ գնահատվում է, որ կաճի 5.6 անգամ, իսկ 2005թ-ի նկատմամբ շուրջ 55.0%-ով: Մեկ ցուցանիշ ևս կարևոր է, որ լավ բնորոշում է երկրների փուլային զարգացումները, դա գործազրկության ցուցանիշն է . սովորաբար տնտեսական զարգացման առաջին փուլում երկրներին բնորոշ է լինում բարձր գործազրկությունը, քանի որ աշխատանքի ցածր արտադրողականությամբ աշխատուժը դժվարությամբ է աշխատանք գտնում, իսկ տնտեսության այն ճյուղերը, որտեղ չի պահանջվում որակ-յալ աշխատուժ, հագեցված է լինում: Տնտեսության փուլային տեղաշարժերին զուգահեռ մեզ մոտ ևս այս միտումը նկատվել է. գործազրկությունը հազարամյակի սկզբին (2001թ-ին) կազմել է 38.2%, 2005թ-ին՝ 31.2%, իսկ 2014թ-ին այն կգտնվի 16.0% շրջանակներում:

Եթե ամփոփենք առաջին մասում ներկայացվածը, կասենք՝ մեր երկրի տնտեսությունը հաղթահարել է զարգացման երկու կարևորագույն փուլ և այժմ գտնվում է որակական նոր հարթությունում, սակայն նոր մարտահրավերներով, որի համար պետք է ավելի արդյունավետ հենքով տնտեսություն և ավելի մրցունակ ձեռնարկություններ:

Այսօր համաշխարհային տնտեսությունում ընթանում են խորքային գործընթացներ. ԱՄՆ տնտեսության՝ այլ գերտերությունների համեմատ հարաբերական դրական զարգացումներով պայմանավորված վերջինիս արժույթի ուժեղացում գլոբալ տնտեսությունում, քաղաքական հակամարտությունների խորացում, փոխադարձ տնտեսական պատժամիջոցների կիրառում, ինչը հանգեցնում է տնտեսական ծանր հետևանքների: Այս ամենի հետ մեկտեղ մենք հետճգնաժամային իրավիճակից համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերի ու դեռևս որոշ գերտերություններում չլուծված կառուցվածքային տնտեսական խնդիրների առկայության ականատեսն ենք: Հայաստանն իր ազատական տնտեսությամբ չի կարող ամբողջովին անմասն մնալ համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացներից և խոսել Հայաստանի տնտեսության մասին, առանց հաշվի առնելու ներկայիս գլոբալ տնտեսության իրականությունը, ճիշտ չէ: Այս տարի մենք վկան ենք մեր տնտեսության համար խոշոր առևտրային գործընկեր ՌԴ-ում տնտեսական իրավիճակի վատթարացման, որը բնորոշվեց տնտեսական ակտիվության կրճատմանը զուգահեռ գնաճի արագացմամբ մինչև 8.8%, կապիտալի մոտ $90 մլրդ արտահոսքի և ՌԴ ռուբլու ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 40% արժեզրկմամբ: ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրացնում է իր դիրքերն աշխարհի այլ արժույթների նկատմամբ: Այսպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ԱՄՆ դոլարը եվրոյի նկատմամբ արժևորվել է 10.2%-ով, շվեյցարական ֆրանկի նկատմամբ՝ 8.6%-ով, բրիտանական ֆունտի նկատմամբ՝ 4.3%-ով, ճապոնական իենի նկատմամբ 15.1.%-ով, վրացական լարիի նկատմամբ՝ 8.9%-ով: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ Վրաստանի օրինակը շատ պատկերավոր ձևով հերքում է բոլոր այն մարդկանց ասած վարկածները, ըստ որի՝ Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է: Իսկ այդ դեպքում, Վրաստանում ինչու՞ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առևտրի մասին պայմանագիր: Իսկ ինչու՞ մնացած երկրներում էլ են ազգային արժույթներն արժեզրկվում: Եվրամիության տնտեսությունում նախորդ երկու տարիների -0.7 և -0.4 տոկոս անկումներից հետո այս տարի էական վերականգնում չի ակնկալվում: Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ, և այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաև մեր երկրում և մեր տնտեսական ցուցանիշներում: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն ու կենտրոնական բանկը պետք է ավելացնեն ջանքերը արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա մեղմելու և անհրաժեշտ ճշգրտումները սահուն իրականացնելու համար:

Ներկա գլոբալ տնտեսությունում առկա անորոշությունների պարագայում Հայաստանի համար կարևորագույն մարտահրավերը մնում է երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը: Գործազրկության և աղքատության հետագա կրճատման տեմպերն արագացնելու միակ ու բացառիկ միջոցը տնտեսական աճի տեմպի արագացումն է կայուն գնաճի պայմաններում: Այս առումով ՀՀ տնտեսությունում առաջնահերթ է նոր ներդրումների ներգրավումը և դրա միջոցով արտադրական ներուժի մեծացումը: Սակայն գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ տնտեսապես շահավետ է, ներդրումային միջավայրը բարենպաստ և ներդրումները վտանգված չեն: Տնտեսապես շահավետության տեսանկյունից ներկայումս մեր երկիրն ունի օբյեկտիվ սահմանափակվածություն, և դա հիմնականում մեր տնտեսության փոքր ծավալներն են, սակայն վստահ եմ, որ ԵՏՄ անդամակցությամբ այս խնդիրը լուծելի է դառնում, քանի որ Հայաստանը դառնալու է ԵՏՄ տնտեսական տարածքի մաս, և դրա հաշվին մեծանալու է ներդրողների շարժառիթները մեր երկրում ներդրումներ կատարելու: Ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից, իհարկե, Հայաստանը առաջընթաց գրանցել է ըստ համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու համաթվի՝ ներկայումս գտնվելով աշխարհի 189 երկրներից 45-րդ հորիզոնականում Չեխիայի հարևանությամբ, սակայն, ակնհայտ է, որ դա բավարար չէ նոր ներդրումների ներգրավման տեսանկյունից բարենպաստ բիզնես միջավայր ունենալու համար, և մեր ձգտումները շատ ավելին են: Անվտանգության տեսանկյունից Հայաստանի ներկայիս տնտեսական համակարգն առավելագույնս երաշխավորում է կատարված ներդրումների հուսալիությունը, սակայն կարևոր է նաև տարածաշրջանում խաղաղության պահպանումը, որի ամրապնդման համար մենք մեր ջանքերը ներդրել և ներդնելու ենք բոլոր ուղղություններով, այդ թվում նաև պաշտպանական նպատակներով համապատասխան ծախսերի մակարդակի ապահովմամբ: Եվ երբ մենք խոսում ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին, երբ խոսում ենք բյուջեի ծավալների մասին, հավատացնում եմ ձեզ՝ մեր նպատակը չէ ՀՆԱ-ն ցույց տալ, որ այսօր ավելի շատ փող ենք ծախսում, քան ծախսում էինք երեկ կամ թե՝ մենք այսօր ավելի լավ ենք աշխատում, քան երեկ էին աշխատում: Անկեղծորեն հավատացնում եմ, որ նպատակը դրանում չէ: Նպատակը՝ ցույց տալն է, թե մենք անվտանգության, սոցիալական ծախսերի վրա հիմա ինչքան գումարներ ենք ծախսում: Եվ սա շատ կարևոր է և՛ ներդրումների համար, և՛ մարդկանց տրամադրության, և՛ ընդհանրապես, կյանքի համար չափազանց կարևոր է: Եվ այս առումով, ուզում եմ ասել, որ եթե 1995թ-ին պաշտպանության նպատակներով ծախսվում էր 19.1 մլրդ դրամ, 2005թ-ին այն կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ 2014թ-ին մենք կծախսենք մոտավորապես 200 մլրդ դրամ: Տարբերությունը, կարծում եմ, շատ ակնհայտ է, և սա արվում է ինչպես մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու, այնպես էլ մեր տնտեսական անվտանգությունն ապահովելու համար:

Հարգելի գործարարներ,կրկին ողջունում եմ բոլորիդ: Հավատացնում եմ, որ մեր համատեղ աշխատանքում, առնվազն մեր կողմից, ակտիվության ու սրտացավության պակաս հաստատ չի լինելու և հույս եմ հայտնում, որ ձեր բոլորի ապագա նախաձեռնություններն ու ձեր լավատեսությունը նոր հնարավորություններ են բացելու մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքների համար:Առավել ևս, որ ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից շատ մեծ հեռանկարներ են բացվում գործունյա մարդկանց համար:

 

Շնորհակալ եմ և ձեզ հաջողություն եմ մաղթում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90