ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Սենատի փոխնախագահի հետ
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ:
Երկուստեք կարևորվել է փոխայցերի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի համագործակցության անհրաժեշտությունը հայ-չեխական, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման համար:
ԱԺ փոխնախագահը վերահաստատել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ համատեղ ընդլայնելու ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին` Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Զդենեկ Շկրոմախն իր հերթին նշել է, որ կողմնակից է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Սենատի փոխնախագահին հրավիրել է Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման արարողություններին: