Պաշտոնական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
13/03/2015 11:36
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով մեր հայրենակիցներին՝ վարչապետը նշել է, որ Քուվեյթի հայ համայնքը մեր այն համայնքներից է, որի մասին միշտ հպարտությամբ են նշում մայր հայրենիքում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ընդամենը վաթսուն տարվա պատմություն ունեցող քուվեյթահայ համայնքն իր եռանդուն ջանքերի, նախաձեռնողականության և օրինակելի պահվածքի շնորհիվ վայելում է երկրի իշխանությունների և ողջ ժողովրդի հարգանքը` կարևոր գրավական հանդիսանալով Հայաստանի և Քուվեյթի միջև բարեկամական հարաբերությունների խորացման համար: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ բարձրաստիճան հանդիպումների ընթացքում զգացել է Քուվեյթի իշխանությունների ընդգծված ջերմ և հարգալից վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ:

Կառավարության ղեկավարը կարևորել է Քուվեյթի առաջնորդանիստ Սրբոց Վարդանանց եկեղեցու և Հայոց ազգային վարժարանի դերը՝ հայապահպանության, համայնքի համակարգման ու միավորման գործում: «Այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցների ինքնության, մայրենի լեզվի, հայկական մշակութային արժեքների պահպանումն ու սերունդներին փոխանցումը, Հայաստանի հետ կապերի ամրապնդումն ու զարգացումը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։ 

Նշելով, որ այս տարվա ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ գործադիրի ղեկավարն ասել է. «Մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ազգ և անկախ պետություն, խստորեն դատապարտում ենք ցեղասպանություն կոչվող չարիքը և կոչ ենք անում աշխարհին, որ միասնական ուժերով հասնենք նրան, որ այլևս երբեք և ոչ մի տեղ չկրկնվի ցեղասպանությունը»: Վարչապետն ավելացրել է, որ հայ ժողովուրդը մշտապես անսահման երախտագիտությամբ է հիշելու արաբ ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունն Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունից մազապուրծ հայերին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հյուրընկալ, բարյացակամ և հանդուրժողական արաբական երկրները դարձել են այն հանգրվանները, որտեղ հայության բեկորները փրկություն և ապաստան են գտել, ամրացել, ոտքի կանգնել, ակտիվորեն մասնակցել և ինտեգրվել այդ երկրների քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին՝ միաժամանակ պահպանելով ազգային ինքնությունն ու պատմամշակութային դարավոր արժեքները: «Օսմանցի թուրքը չհասավ իր վերջնական նպատակին: Ավելին, հայը չընկրկեց, չհանձնվեց, այլ վերածնվեց և այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշխարհին ներկայանում է ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունով, միասնական ու միակամ Սփյուռքով, հաղթանակած ու հզոր բանակով»,- շեշտել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանն անմասն չէ համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներից: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով Հայաստանում են ապաստանել շուրջ 12 հազար սիրիահայեր: «Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մեր քույրերին և եղբայրներին, հայաստանցիները ջերմագին և սրտաբաց ընդունում են սիրիահայությանը: Մեր քաղաքական կամքն ու դիրքորոշումն է՝ լինել յուրաքանչյուր սիրիահայի կողքին, ականջալուր լինել նրա ամենատարբեր խնդիրներին, արագ արձագանքել ու անհրաժեշտ լուծում տալ դրանց»,- նշել է Հովիկ Աբրահամյանն՝ իր երախտագիտությունը հայտնելով այն բոլոր կառույցներին, կազմակերպություններին ու անհատներին, որոնք ՀՀ իշխանությունների հետ միասին լծվել են սիրիահայությանն օգնելու մարդասիրական գործին: 

Այս առումով վարչապետն առանձնակի ընդգծել է Քուվեյթի կառավարության դերը, որն առաջիններից էր, որ իր օգնության ձեռքն է մեկնել հազարավոր սիրիացիներին, այդ թվում նաև՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերին: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ պատահական չէ, որ Քուվեյթի Պետությունը 2014 թվականի օգոստոսի 18-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է Միջազգային մարդասիրական կենտրոն, իսկ Քուվեյթի Էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը մարդասիրական գործունեության համար արժանացել է Մարդասիրական առաջնորդ կոչմանը: 

«Միայն համատեղ ու նպատակաուղղված գործելակերպով և համախմբված ու միասնական լինելու դեպքում կարող ենք հարթել մեր առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր, հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ, ապահովել հայ ժողովրդի խաղաղ ու անվտանգ գոյությունը, շենացնել ու հզորացնել Մայր հայրենիքը»,- դիմելով քուվեյթահայերին՝ նշել է Հովիկ Աբրահամյանը: 

Ամփոփելով Քուվեյթ կատարած պաշտոնական այցը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Քուվեյթի իշխանությունների հետ ձեռք են բերվել կարևորագույն պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-քուվեյթյան կապերի խորացմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը, համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը: 

Քուվեյթահայերը ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Քուվեյթ, շնորհակալություն հայտնել կառավարության ղեկավարին հանդիպման համար և նշել, որ հպարտությամբ են լցվել ՀՀ վարչապետի նկատմամբ Քուվեյթի իշխանությունների ցուցաբերած բարձր մակարդակի և ջերմ ընդունելության առթիվ: Քուվեյթահայերը համոզմունք են հայտնել, որ վարչապետի այցը նոր լիցք կհաղորդի երկու պետությունների հարաբերությունների զարգացմանը տարբեր բնագավառներում:

Հանդիպման ընթացքում վարչապետը հետաքրքրվել է Քուվեյթի հայ համայնքի գործունեությամբ, հայապահպանությանն ուղղված ծրագրերով, պատասխանել մեր հայրենակիցներին հետաքրքող հարցերին: Դրանք վերաբերել են ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հայրենիքում առկա իրավիճակին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին և այլ հարցերի: 

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33