Հայաստանն ու Ղրղզստանը բանակցում են կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի շուրջ
Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի աջակցել Հայաստանի և Ղրղզստանի միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը
Մայիսի 12-ից 14-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Հայաստանի և Ղրղզստանի միջև տեղի է ունեցել եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրի կնքումը նախապատրաստելու նպատակով անցկացվող բանակցությունների 2-րդ փուլը: Պայմանագիրը նպատակ ունի երկու պետությունների միջև արտաքին առևտրում բացառել կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, հաստատել համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների միջև, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակման բնագավառում: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի աջակցել Հայաստանի և Ղրղզստանի միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: Հայկական կողմից բանակցություններին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը` ՖՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Սուրեն Ադամյանի գլխավորությամբ: