Վարչապետը ձգտում է չինական ներդրումներ ներգրավել Հայաստան
Սեպտեմբերի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ:
Զրուցակիցները քննարկել են Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, համագործակցության նախատեսվող ուղղությունները:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին չինական կողմի հետ քննարկվել են Հայաստանում մի շարք մեծածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանի հարավային երկաթգծի կառուցման հնարավորությունները:
Լյու Լյանգը ընդգծել է, որ շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կզարգանա: Նա կարևոր է համարել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը կարևոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի զարգացման գործում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նույն օրը վարչապետ Աբրահամյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Պեկինում այցելել են Ամառային պալատ, որը կառուցվել է Քինգ դինաստիայի օրոք 1750թ. և հանդիսացել է թագավորական ամառային նստավայր: Հյուրերին ծանոթացրել են Ամառային պալատի պատմությանը, չինական արվեստի նմուշներին: