Պաշտոնական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Կարեն Կարապետյանը ներկայացրել է նորանշանակ նախարարներին
22/09/2016 17:01
Կիսվել

Կարեն Կարապետյանը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր մասնագիտական կարողություններով ու փորձով կշարունակի օգտակար լինել: Ներկայացնելով նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ նա հմուտ կառավարիչ է և լավատեղյակ է ոլորտին: Ընդգծելով, որ էներգետիկ համակարգը մեր երկրի ամենակայացած համակարգերից է և անդրադառնալով նախարարության առջև դրված խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է նոր հայեցակարգ, որը տարածաշրջանային ակտիվ համագործակցություն կապահովի էներգետիկ շուկայում: «Մենք ապրում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միևնույն ժամանակ ռեգիոնալ համագործակցության ֆանտաստիկ հնարավորություններ ունենք, ունենք հզորությունների ավելցուկ, որը պետք է օգտագործենք: Ակնկալում եմ նաև, որ ակտիվ մասնակցեք նոր սակագների մեթոդաբանության ձևավորմանը: Գուցե մենք տնտեսագիտորեն որոշակի քայլերի գնանք, որոնք շատ մարդիկ չհասկանան, չընդունեն, բայց մենք սոցիալապես անապահով խավի կողքին կանգնելու խնդիր ունենք, մեր սակագնային քաղաքականությամբ որոշակի բիզնես ուղղությունների ոգևորելու և աջակցելու խնդիր ունենք, որոնք կարող են զարգանալ, տալ հավելյալ արժեք և միևնույն ժամանակ ընդլայնել մեր շուկաները»: Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև ԲԷՑ-ի կառավարման համակարգի վրա՝ շեշտադրելով, որ այնտեղ անհրաժեշտ են որակապես նոր փոփոխություններ՝ ուղղված աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին: Բարձր գնահատելով նախկին նախարար Սերգո Կարապետյանի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը:
Ներկայացնելով նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նա աշխատանքային հարուստ փորձ է կուտակել գյուղատնտեսության բնագավառում կառավարման մշակույթ ունեցող ձեռնարկությունում և լավ պատկերացնում է ոլորտը: Կառավարության ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագրի մշակումը, որը կներառի զարգացման հեռանկարներ ունեցող բոլոր ուղղությունները: «Պետք է ուսումնասիրել, թե որոնք են մեր թիրախային կետերը, որ ոլորտները մենք կարող ենք զարգացնել, որոնք են մեր նեղ տեղերը, որ խանգարում են, որպեսզի բիզնեսն այդտեղ զարգանա: Պետք է լինել մաքսիմալ բաց և հասանելի թե՛ գյուղացու, թե՛ ոլորտի գործարարի համար», – ասել է վարչապետը՝ միաժամանակ ընդգծելով, որ ի դեմս գյուղատնտեսության նախարարության՝ գյուղացին և գործարարը պետք է տեսնեն իրենց օգնականին, իրենց շահերի պաշտպանին, գյուղատնտեսության ոլորտի օմբուդսմենին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վարդան Արամյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Խաչատրյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր փորձով այսուհետ ևս օգտակար կլինի համակարգին:

Շնորհավորելով Վարդան Արամյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է, որ նա նոր մարդ չէ համակարգում և լավատեղյակ է ֆինանսական ոլորտին: Նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեր երկրի ամենակայացած ինստիտուտներից է՝ Կարեն Կարապետյանը միևնույն ժամանակ կարևոր է համարել նոր մոտեցումների որդեգրումը մակրոտնտեսական ցուցանիշների ապահովման գործում: Անդրադառնալով գնումների գործընթացին՝ վարչապետը հատկանշել է. «Ունենք բավական բարդ, խճճված համակարգ առաջին հայացքից: Ակնկալում եմ ֆինանսների նախարարությունից առաջարկություններ՝ ինչպես ենք անում, որպեսզի մեր ֆինանսական հոսքերն ավելի արդյունավետ կառավարենք»:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ նա աշխատանքային մեծ փորձ ունի և կարող է այն հաջողությամբ կիրառել ոլորտում: Անդրադառնալով գերատեսչության հիմնական գործառույթներին՝ վարչապետն ասել է, որ նախարարության առջև նոր ծրագրեր և խնդիրներ են դրվելու, և հույս է հայտնել, որ դրանք արդյունավետ կիրականացվեն: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև վերահսկողությունն իրականացվող ծրագրերի նկատմամբ և նշել, որ ակնկալում է առավելագույնս թափանցիկ աշխատանք:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67