Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Թբիլիսիում բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակ և տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն
31/05/2018 09:43
Կիսվել

Թբիլիսիում բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակ և տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Թբիլիսիի երիտասարդության տանը բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակը: Այնուհետև, Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում ներկա են գտնվել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև երկու երկրների կառավարությունների անդամները, խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին իրապես ներծծված է մեր ժողովուրդների համատեղ պատմության էներգիայով: Մեր ժողովուրդներն արմատներով են կապված միմյանց, և այդ արմատներն այնքան ամուր են, որ մենք այսօր պարտավորություն ունենք պատմության առաջ կերտել մեր համատեղ հզոր, երջանիկ և ազատ ապագան: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունն իրապես ոգու հաղթանակի պատմություն է, որովհետև քաղաքական գործունեության մեջ, ընդհանրապես կյանքում ամեն օր մենք բախվում ենք հետևյալ խնդրի առաջ. կա ուղղություն մտածողության, որ փորձում է ամեն ինչ հաշվել, կշռել, կշռադատել, դնել կշեռքի տարբեր նժարներին, ծանր ու թեթև անել, և կա մտածողության մի մոդել, որն ավելի շատ ոչ թե հաշվում է, այլ զգում: Մեր պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, մարդկության պատմությունը ցույց է տվել, որ, այնուամենայնիվ, ոգին ավելի ծանրակշիռ է քան նյութը, սերն ավելի ծանրակշիռ է քան հաշվարկը, անկեղծությունն ավելի ծանրակշիռ է քան ճարպկությունը: Եվ սա է մեր ժողովուրդների ապրելու առաջնային բանաձևը, որովհետև մենք կարողացել ենք հաղթել այնտեղ, որտեղ թվում է, թե չունենք ոչ մի հնարավորություն և մենք, ցավոք սրտի, հաճախ կարողացել ենք պարտվել այնտեղ, որտեղ թվում է, թե չունեինք պարտվելու ոչ մի հնարավորություն: Մեր Առաջին Հանրապետությունը, կարծում եմ, առաջին հերթին իսկապես ոգու հաղթանակ է, և այդ հաղթանակի ոգին է, որ մեզ կարողացել է հազարամյակներ շարունակ ապրեցնել աղետների, ցեղասպանությունների, պատերազմների հորձանուտում:

Եվ մեր այսօրվա Հայաստանն առաջին հերթին ոգու, սիրո, համերաշխության և գաղափարի պետություն է, այդպիսին է այսօր և այդպիսին պետք է շարունակի մնալ ընդմիշտ, որովհետև նյութականը կարելի է ջարդել, կոտրել, ոչնչացնել, իսկ այն, ինչ կապված է ոգու հետ, մտքի հետ, անջարդելի է, անկոտրելի է, անհաղթահարելի է: Եվ ես ուզում եմ, որ այս ոգին, այս ոգեղենը, այլ ոչ թե մերկանտիլ հաշվարկը լինի հայ-վրացական հարաբերություններում: Եվ մենք հենց այդ ոգու և ոգեղենի վրա պետք է կառուցենք մեր հարաբերությունները մեր հարևան և եղբայրական երկրի հետ: Մեր համատեղ ոգեղենը պետք է հաղթի և մեր ժողովուրդներն իրենց համատեղ հարևանության մեջ պետք է նորանոր հաղթանակներ կերտեն և պետք է կերտեն համատեղ երջանկություն խաղաղ, ազատ և երջանիկ այս տարածաշրջանում: Եվ այս տարածաշրջանը պետք է դառնա այդպիսին:

Շնորհավորում եմ մեզ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Շնորհավորում եմ եղբայրական վրաց ժողովրդին և կառավարությանն անկախության, պետականության վերականգնման 100-ամյակի կապակցությամբ: Շնորհավորում եմ բոլորիս, որ մենք դարավոր հորձանուտների միջով անցնելով հասել ենք ի վերջո այստեղ: Եվ ինչպես ասում են, հիմա արդեն մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, և մենք բաց չենք թողի մեր ճակատագիրը մեր ձեռքերից, մենք բաց չենք թողնի այս հնարավորությունը մեր ձեռքերից, որովհետև մենք հաղթել ենք, մենք հաղթում ենք և մենք հաղթելու ենք ապագայում: Եվ ուրեմն՝

Կեցցե՛ ազատությունը,

Կեցցե՛ հայ-վրացական բարեկամությունը,

Կեցցե՛ Վրաստան պետությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ հայրենիքում»:

Իր հերթին, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանարապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, նշել է. «Խորհրդանշական է, որ 100 տարի առաջ Վրաստանը և Հայաստանը զուգահեռաբար հռչակեցին անկախություն: Այսօր Թբիլիսիում հուշատախտակի բացումը խորhրդանշում է այն ակունքները, որտեղից գալիս ենք: Հայ ժողովուրդը ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ հայտնում է վստահություն, ինչի համար ոտքի կանգնեց: Միջազգային հանրությունը, հետևելով հայաստանյան իրադարձություններին, ողջունեց հայ ժողովրդի ցուցաբերած իմաստնությունը և ներքաղաքական հարցերը խաղաղ կարգավորելու կարողությունը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Հայաստանի հետագա զարգացման կայուն հիմք կդառնան: Հայաստանի զարգացումը և կայունությունը խիստ կարևոր է մեր երկրի համար ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում: Կարծոuմ եմ, որ այս այցը մեր երկու երկրների միջև գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների վառ ապացույց է: Մեկ անգամ ևս ցանկանում եմ հավաստիացնել, որ Վրաստանի կառավարությունը, անձամբ ես պատրաստ ենք արգասաբեր համագործակցության: Հայաստանի վարչապետն այսօր այցելեց Թբիլիսիի հայկական եկեղեցի, պանթեոն, վաղը կլինի Հովհաննես Թումանյանի տուն գիտական մշակութային կենտրոնում: Անգնահատելի է Հովհաննես Թումանյանի վաստակը հայ-վրացական բարեկամության հարցում: Ինչպես նշում էր Թումանյանը՝ հայ և վրաց ժողովուրդները պատմականորեն կապված են միմյանց հետ: Համարձակ կարելի է ասել, որ Թումանյանի անցած կյանքի ուղին հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն է:

Գրականության և արվեստի մեջ դրսևորված բարեկամությունը առանձնացնում է մեզ համաշխարհային մշակույթի քարտեզում: Իհարկե, երկկողմ հարաբերությունները միայն դարավոր անցյալի վրա չեն հիմնվում, մենք կարողացանք անցած 25 տարիների ընթացքում կառուցել վստահության վրա հիմնված միջպետական հարաբերություններ: Այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդվել են տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում: Մենք մտադիր չենք կանգ առնել ձեռքբերումների վրա: Հայաստանի վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի մեր հարաբերությունների զարգացմանը՝ ի բարoրություն մեր երկրների և ժողովուրդների»:

Այնուհետև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և տիկին Մայա Ցինաձեի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92