Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում միջամտել միջին օղակներում նշանակումներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անարձագանք չի թողնի այս կամ այն կադրային նշանակումների առնչությամբ հանրային անհանգստությունները, բայց նաև չի պատրաստվում գնալ առանձին դեպքերի հետևից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց վարչապետը՝ անդրադառնալով Պետեկամուտների կոմիտեում որոշ նշանակումների, որոնք մամուլում սուր քննադատության են արժանանում: «Հայաստանում դժվար է գտնել կադրային նշանակումներ, որոնք նեգատիվ արձագանք չեն առաջացնում: Դրանք տարբեր մակարդակների են՝ կախված տարբեր հանգամանքներից: Պետեկամուտների կոմիտեի առնչությամբ ասեմ, որ կառավարությունը նշանակել է ՊԵԿ նախագահ, այդ կառույցի քաղաքականությունը այդ թվում՝ միջին օղակների քաղաքականությունը, վարում է ՊԵԿ նախագահը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պաշտոնյան նկատեց, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ այդ թեմայով մի քանի անգամ խոսակցություն է ունեցել և հույս ունի, որ կոնկրետ արդյունքներ կլինեն: «ՊԵԿ-ի քննչական մասն այնպիսի բացահայտումներ է անում, որ մենք չէինք կարող երևակայել չորս ամիս առաջ: Չվճարված այնպիսի հարկեր է բացահայտում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին մի քանի ամիս առաջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ իրենց նպատակը ոչ թե հարկային պարտավորություններից խուսափած ընկերությունների գործունեության դադարեցումն է, այլ ընդհակառակը դրանց բարեհաջող զարգացումը օրենքի շրջանակներում:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որը կադրային քաղաքականությունը վարելիս առաջնորդվում են փոփոխությունների այս շրջանում համակարգերի կայունությունն ապահովելու մտայնությամբ: «Ոստիկանությունում դրամատիկ հեղափոխական կադրային փոփոխություններ չարեցինք, հարկային ու մաքսային համակարգերում հեղափոխական փոփոխություններ չարեցինք, ինչու, որպեսզի ապահովենք համակարգերի կայունությունը»,-հավելեց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ Հայաստանում քաղաքական հեղափոխությունն ավարտվելու է կադրային հեղափոխությամբ: