ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Կոլեգիային ներկայացվել է նաեւ ՀՀ համայնքների աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի` նախորդ տարիների պարտքից մարտի 18-ի դրությամբ մարվել է 28,2 մլն դրամ, ընթացիկ տարում կուտակվել է 11 մլն դրամ, որից ամենխոշորը Արմավիրի մարզինն է` 9,4 մլն դրամ: Ընդամենը պարտքը ներկայումս կազմում է 385,5 մլն դրամ:
ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը հաշվետվություն է ներկայացրել հողօգտագործման բնագավառում ՀՀ պետական մարմինների, մարզպետների եւ ՏԻՄ-երի կողմից 2010թ-ին իրականացված գործառույթների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գյուղնշանակության հողամասերից կամովին հրաժարվելու դեպքերին: Արձանագրվել է, որ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար օրենսդրական մեխանիզմների հստակեցման անհրաժեշտություն կա: Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանձնարարել է ավելի ամբողջական տեղեկատվություն պատրաստել նշված հարցի վերաբերյալ, առաջիկայում արտագնա քննարկում կազմակերպել Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, որտեղ նման դեպքերն ավելի շատ են, ինչպես նաեւ աշխատանքներ սկսել խնդրի լիարժեք կանոնակարգման մեխանիզմների մշակման առումով:
Այս համատեքստում կարեւորելով հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրը` փոխվարչապետը նկատել է, որ անցած տարի լուրջ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ: Մասնավորապես, սահմանված ընթացակարգերն արդեն հնարավորություն են տալիս տեղերում իրականացնել հողատեսքերի փոփոխություններ, վերացնել սեփականության իրավունքի փաստաթղթերում առկա անճշտություններն ու սեփականության առաջին պետական անվճար գրանցման ժամկետային սահմանափակումը: Աշխատանքերը շարունակվում են, եւ վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված եւ արդեն ուժի մեջ մտած «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքով եւս այդ ուղղությամբ էական քայլեր են արվում: