Արմավիրի փոխմարզպետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը սեփական դիմումի համաձայն հեռանում է փոխմարզպետի պաշտոնից և միանում ԶՈւ ԳՇ հայտարարությանը
Արմավիրի մարզպետի տեղակալ, պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը հայտարարություն է տարածել:
«Պետության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հանրության համախմբման, միասնական դաշտի ձևավորման կենսական խնդիր են առաջացրել, մինչդեռ երկրի իշխանությունը զբաղված է հանրությունը բաժանելու, պիտակավորելու գործով։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում Արմավիրի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից: Իմ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ զինվորականներին և հատկապես իմ զինակից ընկերոջը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:
Տեղին եմ համարում հիշեցնել Նժդեհի հետևյալ ասույթը․ «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»», – ասված է Aysor.am-ին փոխանցված Ալեքսանյանի հայտարարության մեջ։