ՀՀ փաստաբանների պալատը կաջակցի պատերազմից տուժած փաստաբանների ընտանիքներին
ՀՀ փաստաբանների պալատից տեղեկացնում են՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մարտի 17-ին որոշում է կայացրել յուրաքանչյուր տարվա համար պատերազմում զոհված, գերեվարված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին հարգանքի տուրք մատուցելու օրեր սահմանելու մասին, ինչպես նաև հաստատել է այդ օրերը ընտրելու կարգը:
«Ըստ այս նոր նախաձեռնության՝ փաստաբանական համայնքը պատերազմի հետևանքով զոհված, գերեվարված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին յուրաքանչյուր տարվա ընթացքում որոշված օրերին հատուկ ուշադրություն է դարձնելու, որը ներառելու են հետևյալ միջոցառումները՝
1) զոհվածի շիրիմին այցելելը.
2) զոհվածի հիշատակի համար միջոցառում կազմակերպելը.
3) փաստաբանի ընտանիքին նվեր փոխանցելը.
4) փաստաբանի ընտանիքին անհրաժեշտ աշխատանքներին (այդ թվում՝ այգեգործություն, վերանորոգում) մասնակցելը.
5) փաստաբանի ընտանիքին հյուրընկալելը.
6) այլ միջոցառում իրականացնելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստաբանների պալատից նաև հայտնում են, որ նշված նախաձեռնության նպատակն է գոտեպնդել այն փաստաբաններին, որոնց ընտանիքի անդամները զոհվել են, գերեվարվել, անհայտ կորել կամ հաշմանդամություն են ձեռք բերել, ինչպես նաև օրինակ ծառայել հայրենիքի պաշտպանների նկատմամբ մյուս մասնագիտական համայնքների կողմից հատուկ ուշադրություն դարձնելու հարցում: