Մեկնարկել է SpaceCamp-2021 (ՍփեյսՔեմփ-2021) ամառային ճամբարը
Մեկնարկել է SpaceCamp-2021 (ՍփեյսՔեմփ-2021) ամառային ճամբարը։ Այն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ԱՅԱՍ հասարակական կազմակերպության, COAF և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա հիմնադրամների հետ համագործակցությամբ՝ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 1-ը Լոռվա COAF SMART կենտրոնում։
Ամառային ճամբարի դասերին և աշխատարաններին մասնակցում են 2020-2021թթ․ ուսումնական տարվա ընթացքում ֆիզիկա, ինֆորմատիկա, աստղաֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից միջազգային և հանրապետական օլիմպիադաներին մեդալներ և 1-3-րդ կարգի դիպլոմներ ստացած աշակերտները, COAF կենտրոնի ռոբոտատեխնիկայի և ծրագրավորման, Ջավախքի «Արմաթ» խմբակների լավագույն սաները:
Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ SpaceCamp-2021 (ՍփեյսՔեմփ-2021)-ի բացման արարողությունը։ Նախարարության ներկայացուցիչ, գիտական ճամբարի ղեկավար Մերի Զաքարյանը նշեց, որ SpaceCamp-2021 (ՍփեյսՔեմփ-2021)-ի նպատակն է օգտագործել Հայաստանի առկա գիտական ներուժը՝ տիեզերքին առնչվող բնագիտական ուղղությունների բացառիկ գիտելիքներ ունեցող ապագա ուսանողներին ուղղորդելու մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև հետագայում միջազգային նախագծերում նրանց ներգրավելու, նոր նախագծեր իրականացնելու համար։
Ճամբարի կրթական ծրագիրը պատրաստել է ԱՅԱՍ տիեզերական ընկերության հիմնադիր-նախագահ Ավետիք Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ առաջին անգամ Հայաստանում աշակերտների համար նախաձեռնել և իրականցվում է աննախադեպ մի ծրագիր՝ Տիեզերական ճամբար, որտեղ արծարծվում են տիեզերագիտությանը, տիեզերական ճարտարագիտությանը վերաբերող հարցեր։
Ճամբարային չորս օրերի ընթացքում մասնակիցները Լոռվա հրաշագեղ բնության գրկում հանգստին կզուգակցեն տեսական և գործնական պարապմունքները, ինտելեկտուալ խաղերի միջոցով կհարստացնեն իրենց գիտելիքներն աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք ուղղություններում։
Ամառային ճամբարի մասնակիցների համար դասախոսություններ կկարդան, գործնական պարապմուքներ կանցկացնեն ԱՅԱՍ տիեզերական ընկերության, Գիտուժ, Աստրոպոլիս նախաձեռնությունների անդամները: